Բավ է պառակտվել
05-03-2020 18:24

Կորոնավիրուսի դեմ պայքարենք թատրոն այցելելով․այստեղ ջերմ է ու անվնաս

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ոչ համբուրվում են, ոչ ողջագուրվում, ոչ էլ ներկայացումներն են հետաձգում։ Թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանը «Gisher.news» -ին փոխանցեց, որ թատրոնն աշխատում է բնական հունով։
«Միայն հետաձգել ենք մանկական ներկայացումները` անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ մեծահասակների ներկայացումները ընթանում են։ Կիրակի օրն անգամ պրեմիերա ունեցանք ու դահլիճը դատարկ չէր»,–ասաց տնօրենը։
Պետական կամերային երաժշտական թատրոնի մուտքի մոտ մի քանի օր է տեղադրվել են ԱՆ կողմից տրամադրված կորոնովիրուսի մասին պատմող իրազեկման պաստառները։ Թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խուճապ ու տոմսերի վերադարձ եղել է միայն այն օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսի առաջին դեպքի մասին։
«Երկու ներկայացման տոմսեր արդեն վաճառվել էին ։ Մարդկանց մոտ խուճապն այնքան էր ահագնացած, որ եղավ վերադարձ։ Արդյունքում 350 հանդիսատեսի փոխարենը ունեցանք 50-ը։ Բայց այդ խուճապային վիճակը միայն այդ օրն էր»։
Հռիփսիմե Առաքելյանը նշում է, որ հաջորդ ներկայացումը, որ պետք է տեղի ունենա մարտի 7-ին, այս պահին տոմսերի վերադարձ չկա։
Չնայած աղտահանիչ լուծույթներն ու կանխարգելիչ պարագաները թատրոնը ձեռք է բերել բավականին մեծ դժվարությամբ ու շատ բարձր գնով, բայց ամեն ինչ արվել է հանդիսատեսի ապահովության համար։
«Մենք մեր նախատեսած ծրագրով գնում ենք առաջ, որևէ խնդիր չկա։ Իհարկե բոլորին հրավիրում ենք թատրոն։ Աղտահանման լուծույթները տեղադրված են մուտքերի մոտ, հանդիսատեսը դահլիճ մուտք գործելուց կարող է օգտվել, աղտահանվել այնուհետև դուրս գալուց էլ կրկին օգտվել դրանից»։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին ներկայացում պետք է տեղի ունենա մարտի 7 -ին։ Տնօրեն Վարդան Մկրտչյանը ասում է, որ այս պահին եղել է տոմսերի վերադարձ, բայց հույս է հայտնում, որ ամսի 7-ի ներկայացմանը հանդիսատեսի պակաս չի լինի։
«Մեր առաջիկա ներկայացումը ամսի 7 ին է, որոշակի վերադարձ եղել է, բայց մեծ ծավալների չի հասնում»,–ասաց Մկրտչյանը։
Նույն վիճակն է նաև Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը «Gisher.news»–ին փոխանցեց, որ այս պահին որևէ ներկայացում ու համերգ չի հետաձգվում, սակայն չի կարող ասել հանդիսատես կլինի՞, թե՞ ոչ
«Եթե լիներ տոմսերի վերադարձ, ինձ տեղյակ կպահեին, բայց քանի դեռ չեն ասել ,ուրեմն վերադարձ չկա»։
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ տեղեկացրեց , որ այս պահին մշակութային օջախները փակելու որոշումը կայացված չէ, քանի որ այցելուներն ու հանդիսատեսն են որոշելու մշակութային ժամանացը ժամանակավորապես սահմանափակելու տարբերակը:

 

 

Արմինե Գևորգյան