Բավ է պառակտվել
16-07-2019 14:57

Դավիթ Սահակյանցը լքել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը

Հայտնի հայ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն իր ցանկությամբ դուրս է եկել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից տրանսգենդերի մասին ֆիլմին “Արծաթե ծիրան” մրցանակը շնորհելու պատճառով։

“Այսօր դիմում եմ ներկայացրել երկու Սահակյանցների անունից՝ իմ և Լ․ Սահակյանցի (ով միության անդամ է եղել ավելի քան 30 տարի) Հայաստանի ԿՄ -ից դուրս գալու մասին։ Անհնար և վիրավորական եմ համարում մնալ կինեմատոգրաֆիստների միությունում՝ խաչատրյանի ղեկավարության ներքո։ Հետագա նեխում եմ մաղթում “ոսկե ծիրանին” , -գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ (Հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված են՝ խմբ)։
Մուլտիպլիկատորը տեղադրել է նաև իր դիմումի լուսանկարը։

“Պահանջում եմ բացառել մեզ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից նրա նախագահի վարած քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, ով միաժամանակ հանդիսանում է “Ոսկե Ծիրան” փառատոնի նախագահը, որի շրջանակներում սույն թվականի հուլիսի 14-ին հանձնվել է “Արծաթե ծիրան” մրցանակ տրանսգենդերի կյանքի մասին պատմող խայտառակ և անբարո ֆիլմին”,- նշված է դիմումում։

Սահակյանցը նաև հրապարակել է ՀԿՄ անդամակցության տոմսի լուսանկարը։

Հուլիս 13-ին տեղի է ունեցել “Ոսկե ծիրան” XVI միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում նաև բախշվել են մրցանակները։

“Միջազգային լիամետրաժ ֆիլմ” անվանակարգում ժյուրին “Ոսկե ծիրան” գլխավոր մրցանակը հանձնել է ռեժիսոր Ռիչարդ Բիլինգհեմի “Ռեյ և Լիզ” ֆիլմին (Մեծ Բրիտանիա)։ Ռուսաստանցի Կանտեմիր Բալագովի “Լողլողը” ֆիլմն արժանացել է “Արծաթե ծիրան”-ին:

Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել Մարզիե Ռիահիի “Վարորդական դասեր” ֆիլմը (Իրան)։ Ժյուրին “Արծաթե ծիրան” մրցանակը հանձնել է Ռատի Ցիտելաձեի տրանսգենդերի կյանքի մասին պատմող “Հասարակության գերին” ֆիլմին (Վրաստան)։

Հուլիսի 7-14-ը Երևանում կայացել է “Ոսկե ծիրան” XVI միջազգային կինոփառատոնը: Մրցութային ծրագրին մասնակցելու համար ավելի քան 30 երկրների շուրջ 740 հայտից ընտրվել է 110 ֆիլմ։ Փառատոնի շրջանակներում իրենց ֆիլմերի եզակի ծրագրերն են ներկայացրել Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի դեսպանատները։ Հոբելյանական կինոփառատոնի պատվավոր հյուրեր են եղել մեքսիկացի ռեժիսեր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը և ռուսաստանցի ու մոլդովացի հայազգի ռեժիսոր Արթուր Արիստակեսյանը։

“Ոսկե ծիրան” կինոփառատոնն անց է կացվում Երևանում 2004 թվականից և համարվում է տարածաշրջանում հեղինակավորներից մեկը։