Բավ է պառակտվել
01-04-2019 21:15

Դեգրադացիա և անօրինականություն․հայ պատգամավորների արձագանքը օպերային թատրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակին

Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության հետ կապված իրավիճակին անդրադարձել են հայ պատգամավորները երկուշաբթի ճեպազրույցների ընթացքում, անվանելով այն դեգրադացիա և անօրինականություն մշակույթի ոլորտում։

Երկուշաբթի առավոտյան կառավարության շենքի առջև էին հավաքվել Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցները, մշակույթի գործիչներ և հասարակ քաղաքացիներ, ովքեր վրդովված են մշակույթի նախարարի ժ/պ Նազենի Ղարիբյանի հրամանագրով Կոնստանտին Օրբելյանին օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացմամբ:

Դեգրադացիա մշակույթի ոլորտում

“Անկախ անձերից, մշակույթի բնագավառում տեղի ունեցող դեգրադացիոն գործընթացները մեզ համար բացարձակապես անընդունելի են։ Ցանկացած հարցի կարելի է լուծում տալ կոմպրոմիսային ձևաչափով, այդ թվում՝ քննարկումների ճանապարհով։ Նախքան նման արմատական որոշում կայացնելը կարելի էր գտնել դրա կարգավորման հնարավորությունները”,- ասել է “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

Նույն խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյան, իր հեթին նշել է, որ դա զուտ իրավական խնդիր է, որի վերջնական գնահատականը կտա դատարանը, եթե Օրբելյանը դիմի դատարան։ Նա նշել է, որ ուսումնասիրել է հրամանը և լրացուցիչ, այդ թվում՝ կանոնակարգող փաստաթղթեր պահանջել ճշտելու, որքանո՞վ է օրինական աշխատանքից ազատումը։

“Բայց կա հարցի մեկ այլ կողմ, ո՞վ կգա փոխարինելու պրոֆեսիոնալներին մշակույթի և կրթության բնագավառներում։ Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը, նա մեծ հեղինակություն է ոլորտում, չի կարելի նրան գրչի մի շարժումով ազատել: Առավել ևս դա անթույլատրելի է այն մարդու համար, ով գալիս է խորհրդարան և ամենատարրական հարցերին, որոնց ի պաշտոնե պարտավոր է տիրապետել, չի կարողանում պատասխանել”,- ասել է Պետրոսյանը:
Նրա խոսքերով, պաշտոնյաները պետք է իրենց զուսպ պահեն, մի կողմ դրած այն հարցը, որքանո՞վ է նա՝ որպես նախարար, բավարարում այդ ոլորտի ղեկավարին ներկայացվող պահանջներին։

ԲՀԿ-ն միշտ կարևորել է ճիշտ կադրային քաղաքականությունը, չի կարելի անձնական շահերից ելնելով կադրային ջարդ կազմակերպել”,-ասել է Պետրոսյանը։

Քաոս է ոչ միայն նախարարությունում է, այլև՝ կառավարությունում։

Ինչպես կարծում է “Լուսավոր Հայաստան” խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իրավիճակը պայմանավորված է նրանով, որ քաոս է տիրում ոչ միայն Մշակույթի նախարարությունում է, այլև ամբողջ կառավարությունում։

“Օպերային թատրոնի շուրջ ծավալվող իրադարձությունները կապված են կառավարության քաոսային իրավիճակի հետ, քանի որ մարդիկ չգիտեն, արդյո՞ք կմնան վերակազմավորումից հետո“, - ասել է Մարուքյանը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ խորհրդարանում նույն խախտումներով է անցնում կառավարության ժամը, որի ընթացքում միայն նշանակված և երդում տված նախարարները պետք է պատասխանեն պատգամավորների հարցերին, իսկ գործնականում ներկա են լինում ժամանակավոր պաշտոնակատարներն, ինչը Սահմանադրության խախտում է:

Ինչպես նշել է պատգամավորը, անհրաժեշտ է շատ օպերատիվ վերացնել մշակույթի ոլորտում քաոսը և ամոթալի իրավիճակը, ինչը զարգացման ընդհանուր տեսլականի և հայեցակարգի բացակայության արդյունք է։

“Հարցը ոչ թե Օրբելյանի անձն է, այլ այն, որ իրավիճակը չլուծված և անհասկանալի է, այն դեպքում, երբ ամեն ինչ պետք է համալիր լուծվի: Ոլորտն, ինչպես և այնտեղ աշխատող մարդիկ բարդ են, այստեղ հատուկ մոտեցում է պահանջվում”, - ասել է Մարուքյանը:

Անփոխարելիներ չկան

“Իմ քայլը” խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հայտարարել է, որ զերծ կմնա իրավիճակը մեկնաբանելուց, ընդգծելով, որ Արցախում է եղել և ծանոթ չէ ստեղծված իրավիճակի մանրամասներին։ Սակայն նա անմիջապես հայտարարել է, որ Օրբելյանը չպետք է մի քանի պաշտոն զբաղեցնի։

“Օրբելյանը կարող է զբաղեցնել մեկ պաշտոն, իսկ մյուսներին կարող են այլ մարդիկ նշանակվել։ Նա միակը չէ, ով պետք է լուծի բոլոր հարցերը, կան նաև այլ մադիկ, ովքեր կարող են դա անել”,- ասել է Քոչարյանը։