Բավ է պառակտվել
19-02-2020 16:06

Ջազը ինձ համար ապրելակերպ է ․Գարի Քյոսայան (Լուսանկարներ)

 

Երևանի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանը բոլորին հրավիրում է վայելելու ջազային երեկոներ։ Քյոսայանը ջազ քառյակի հետ հանդես է գալու «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգով։

Gisher.News - ը ջազմեն Գարի Քյոսայանի ու դերասանուհի երգչուհի Ալլա Սահակյանի հյուրընկալ բնակարանում է։ Արվեստագետ ամուսիններն ասում են՝ գարունը սկսում ենք ջազային ելևէջներով։ Առաջին համերգը տեղի կունենա մարտի 14 ին։ Ջազ քառյակի հետ նույն բեմում լինելու է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։

 
Դարդենը հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ BB King-ը, Stevie Wonder-ը, Albert King-ը, Ջորջ Բենսոնը և այլն։ Ալլա Սահակյանը, որը նույնպես հանդես է գալու Ջազ քառյակի հետ, պատմեց, որ Գարի Քյոսայանի ու Դարիել Դարդենի մտերմություն արդեն տարիների պատմություն ունի։ Նրանք ընկերներ են, համագործակցել են դեռևս այն ժամանակ, երբ Գարի Քյոսայանը բնակվում էր ԱՄՆ –ում։
Բացի համաշխարհային արտիստից նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը։
Ի դեպ, Ալլա Սահակյանը ասում է,որ ջազում առաջին ուսուցիչը եղել է Գարի Քյոսայանը։ Ասում է դժվարը մինչև բեմ դուրս գալն է։
«Ես միշտ լսում եմ Գարիին, քանի որ պետք չէ հակառակվել։ Ինքը շատ մեծ ճանապարհ է անցել, իրենից միայն կարող ես սովորել, ու ոչ միայն միայն ջազ, այլ ընդհանրապես` երաժշտություն»,–ասաց  Gisher.News-ի զրուցակիցը։


Ամուսինների հետ զրուցում ենք նաև այսօրվա հանդիսատեսի ճաշակի ու ցանկությունների մասին։ «Գիտեք գովազդից շատ մեծ բան է կախված։ Եթե պետք է այս հեռախոսին դարձնել լավագույն երգչուհի, բոլորին կհամոզեն, որ նա ամենալավն է։ Հնարավոր է վատ կարծրատիպերով, վատ երաժշտությամբ հային չբնորոշող կերպարներ ստեղծել սերիալներում ու փորձել համոզել, որ դա մենք ենք։ Իրականում այդպես չէ։ Իրականում մեր հանդիսատեսը բավականին պահանջկոտ է, երաժշտասեր է, լավ ականջ ունի և իրեն չես խաբի»։
Գարի Քյոսայանն ասում է, որ Երևանում ակտիվ է համերգային առումով, բայց մարզերում պասիվ վիճակ է։ Հիշում է, առաջին անգամ, երբ մարզերից մեկում համերգային ծրագրով էին հանդես գալիս, հանդիսատեսի հետ կապը սկզբում կարծես թե չէր ստացվում՝ ջերմության պակաս կար, բայց մի դեպք եղավ ու սառույցը շարժվեց։
«Փոքրիկ երեխա էին բերել համերգին։ Ես նվագում եմ ու հանկարծ երեխան սկսեց լացել։ Ես այդ ստեղծագործությունը ընդհատեցի ու սկսեցի հատուկ երեխայի համար նվագել մանկական երգ։ Դահլիճի տրամադրությունը միանգամից փոխվեց ու կապը ստացվեց։ Ջազը իմպրովիզ է, սիրում է ազատություն չափի մեջ։ Սիրում է լավ մթնոլորտ ստեղծել։ Ջազն ինձ համար ապրելակերպ է, որի մեջ ամեն ինչ մտնում է՝ սեր հավատ․․․ Եթե չսիրես, չես կարող ջազ նվագել։ Հետևաբար, բոլորին հրավիրում եմ գարնանային տոների առթիվ ապրել իմ ապրելակերպով»։
Գարնանային ջազային երեկոների շարք սպասվում է ոչ միայն երևանյան հանդիսատեսին, այլև աշխարհահռչակ երաժշտի կատարումները կվայելեն Էջմիածնի ու Դիլիջանի ունկնդիրները։

 

 

Արմինե Գևորգյան