Բավ է պառակտվել
14-01-2020 13:06

Փորձագետները պնդում են մանրամասն ուսումնասիրել Հրապարակի տակ գտնվող պատմական շերտը (լուսանկարներ)

 

Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը նախքան բացումը լուրջ գիտական ուսումնասիրության կարիք ունի, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:

Հունվարի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկսվեն այս տարի, ինչի արդյունքում հրապարակը կդառնա “շատ ավելի լավ տեսարժան վայր”։

“Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական հուշարձան կոչվող շինությունները լուրջ չեն ուսումնասիրվել։ Բացի այդ, կան հրապարակի հետ կապված բազմաթիվ խնդիրներ”,- ասել է Պողոսյանը։

 

Փորձագետի կարծիքով, դրանք, մասնավորապես կապված են ավտոկայանատեղիների, ստորգետնյա տարածքի ուսումնասիրության, ավտոբուսային կանգառների տեղափոխման անհրաժեշտության հետ։

“Այսօր հրապարակը տրանսպորտային հանգույց է, և այն պետք է վերադարձնել ժողովրդին, պուրակի տիպի տարածքի վերածել, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ”,- կարծիք է հայտնել ճարտարապետը։

Նա ընդգծել է, որ պատմական շերտը բացելու հարցում պետք է գիտական մոտեցում ցուցաբերել։

 

Պողոսյանը նշել է, որ նախկինում Հանրապետության հրապարակի տեղում փողոց էր, որտեղ գտնվում էին նկուղներ ունեցող շենքեր։

Հնագետ, Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական գիտությունների թեկնածու Ֆրինա Բաբայանն, ով մասնակցել էր պատմական շերտի առաջին բացման աշխատանքներին հայտնեց, որ հայտնաբերված տները հայկական են։

“Սկսեցին գրել, որ դրանք թուրքական, պարսկական շինություններ են։ Ոչ, դրանք միանշանակ հայ վարպետների գործեր են”,- ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ 400քմ մակերեսով այդ ոչ մեծ տարածքը հնարավոր է վերածել առանձին համալիրի, քանի որ անցյալում այդպիսի տներ կային ամբողջ քաղաքում։