Բավ է պառակտվել
18-10-2018 16:57

Արա Գյուլերի աշխատանքները կմնան դարերով, որպես հիշատակ մեծ լուսանկարչի մասին․ էրդողան

Արա Գյուլերի աշխատանքները կմնան դարերով, որպես հիշատակ մեծ լուսանկարչի մասին․ էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ հայազգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։

Կյանքի 91-րդ տարում Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է լեգենդար ֆոտոլրագրող Արա Գյուլերը, ով ճանաչվել է «Դարի լավագույն լուսանկարիչ», ում նաև կոչում են “Ստամբուլի աչք”, “Ստամբուլի լուսանկարիչ”: Նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Էրդողանը հեռախոսով ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի հարազատներին և նշել, որ նրա ստեղծագործությունները կմնան դարերով, որպես հիշատակ մեծ լուսանկարչի մասին:

“Վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես կմնա մեր հիշողության մեջ”,-ասել է թուրքական պետության ղեկավարը։

Մեծ լուսանկարչի ընտանիքի անդամներին, հարազատներին և Հայաստանում, Թուրքիայում և ամբողջ աշխարհում նրա արվեստի հազարավոր երկրպագուներին իր ցավակցությունն է հայտնել նաև վարչապետի պարտականությունների կատարող Նիկոլ Փաշինյանը։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ մահացել է լուսանկարիչը, հայտնել է թուրքական լրատվամիջոցներին, որ Արա Գյուլերը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք սրտի կանգից հետո։ Շնչառությունը վերականգնելու փորձերը չեն օգնել, և Գյուլերը մահացել է։

Ֆոտոլրագրողի ստեղծագործությունների հերոսներն այնպիսի հայտնի մարդիկ էին, ինչպիսիք են Ինդիրա Գանդին, Ուինստոն Չերչիլը, Սոֆի Լորենը, Մարլոն Բրանդոն, Ֆեդերիկո Ֆելինին: Նա բազմաթիվ մրցանակներ և կոչումներ է ստացել ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում: