24.04.1915
11-02-2019 14:29

Կիրակի Լոնդոնում կայացել է բրիտանական ամենամյա BAFTA մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի “Ռոմա” (Roma) դրաման և հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի “Ֆավորիտուհին” (The Favourite) պատմական ֆիլմը ստացել են Կինոյի և հեռուստատեսային արվեստների Բրիտանական ակադեմիայի առավել մեծ թվով պարգևները։
“Բրոնզե դիմակների” հանձնման թվով 72-րդ հանդիսավոր արարողությունը կայացել է կիրակի լոնդոնյան Ալբերտ-հոլում, որի արդյունքներով ժապավենները ստացել են համապատասխանաբար չորս և յոթ մրցանակ։

Սև-սպիտակ ինքնակենսագրություն

Ռոման Կուարոնի հարազատ Մեխիկոյի բարեկեցիկ բուրժուական թաղամաս է, որտեղ ծավալվում են երկու կնոջ պատմությունները։ Այս, հիմնականում ինքնակենսագրական, պատմություն առավել բնական դարձնելու համար, ֆիլմը նկարահանվել է սև-սպիտակ կինոյի տեխնիկայով: Հատկանշական է, որ ժապավենը նկարահանվել է հոսքային ծառայության Netflix ընկերության կողմից և այդպիսով փաստորեն շրջանցել է կինոթատրոնները:

Բեմ բարձրանալով և Netflix ընկերությանը “հավատքի և քաջության համար” շնորհակալություն հայտնելով՝ Կուարոն ուշադրություն է հրավիրել հենց այդ հանգամանքի վրա։ “Օտարերկրացիները պարզապես մաշկի այլ գույն ունեցող մարդիկ են, և մեկ գույնը լրացնում է մյուսը: Ես շատ ուրախ եմ, որ BAFTA- ն առանձնացրել է հնդկացու արմատներ ունեցող տնային աշխատողի պատմությունը: Այս ֆիլմը հագեցած է Մեքսիկայի հատուկ գույներով, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Մեքսիկային”, - հավելել է նա:
Ֆիլմի բեմադրող նկարիչ Բարբարա Էնրիկեսը խոստովանել է, որ չէր սպասում կինոնկարի նման հաջողություն։ “Ես երբեք չէի մտածում, որ այս ժապավենը այդքան հեռու կգնա և կառաջարկվի նման մեծ թվով անվանակարգերում։ Մեքսիկայում այն, ընդհանուր առմամբ, լավ է ընդունվել, բայց ոչ առանց բարդությունների, քանի որ հենց տանն են ամենաշատ քննադատներ լինում”, - ասել է Էնրիկեսը։

Կուարոնի ամենաանձնական ֆիլմը

Մրցանակը Կուարոյին հանձնել է նրա հայրենակցուհի Սալմա Հայեկը։ Նա չի կարողացել թաքցնել իր զգացմունքները և գրկել է ռեժիսորին, բղավելով՝ “Կեցցե Մեքսիկան”։

Մինչ այդ, լրագրողների հետ զրույցում նա ասել է, ինչու է կարծում, որ այս ժապավենն արժանի է բարձրագույն պարգևների: “Բացի այն, որ սա հիասքանչ ֆիլմ է, այն ստեղծվել է մեր հայրենի երկրում իսպաներենով, սա Կուարոնի ամենաանձնական ֆիլմն է: Երբ դիտեցի այն, զգացի, որ տեղափոխվել եմ մանկություն, վերադարձել եմ այն Մեքսիկա, որն այլևս չկա: Հիացած եմ, որ այս ֆիլմն այդքան լավ է ընկալվում աշխարհում, ինչպես են մարդիկ սիրահարվում հերոսներին, ինչպես են օտարերկրացիները սկսում գնահատել մեր երկիրը, գրեթե ավելի, քան մենք “, - ասել է Հայեկը:
Ավելի վաղ ժապավենը ստացել է երկու “Ոսկե գլոբուս” (լավագույն ռեժիսորական աշխատանքի և օտար լեզվով լավագույն ֆիլմի համար), արժանացել է “Ոսկե առյուծ”մրցանակին Վենետիկի կինոփառատոնում, “Գոյա” մրցանակին և առաջադրվել է “Օսկարի” 10 անվանակարգում:

 

“Ֆավորիտուհու” ֆավորիտիզմը

Պատմական “Ֆավորիտուհի” կինոնկարում Անգլիայի թագուհի Աննայի (1665-1714թթ.) դերի համար անգլիացի դերասանուհի Օլիվիա Կոմանը արժանացել է BAFTA-ի մրցանակին “լավագույն կանացի դեր” անվանակարգում։ Ավելի վաղ, այս դերի համար 45-ամյա Քոլմանը արժանացել է “Ոսկե գլոբուս”-ին, Վենետիկի կինոփառատոնի Վոլպի գավաթին, ինչպես նաև առաջադրվել է “Օսկարի”: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել բրիտանուհի Ռեյչել Ուայսը նույն ֆիլմում ծերացող թագուհու մտերմուհու՝ Սառա Չերչիլի դերի համար։ Կինոնկարի հիմքում ընկած է թագուհու հաճությանն արժանանալու համար Լեդի Սառայի և նրա զարմիկ Աբիգեյլի (Էմմա Սթոուն) մղած դաժան պայքարը։ Ֆիզիկապես և մտապես ավելի ու ավելի տկարացող տիրուհին, ով Ստյուարդների տոհմի վերջին ներկայացուցիչն է, հայտնվում է իր ֆավորիտուհիների իշխանության տակ, ովքեր պատրաստ են ամեն ինչի միապետի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

“Ֆավորիտուհին” ընդհանուր առմամբ առաջադրվել է մրցանակի 11 անվանակարգում, ընդ որում “Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր” անվանակարգում ֆիլմը ներկայացրել են երկու դերասանուհի՝ Էմմա Սթոունը և Ռեյչել Ուայսը։ Արդյունքում, ֆիլմը ստացել է յոթ մրցանակ: Բացի արդեն նշվածներից, դրանք են՝ “Լավագույն բրիտանական ֆիլմ”, “Նկաիչ բեմադրողի լավագույն աշխատանք”, “Լավագույն գրիմ””, «Լավագույն յուրօրինակ սցենար”, «Հանդերձանքի լավագույն դիզայն”:

Queen-ի ակորդների ներքո

Ռամի Մալեքը հաղթել է “Տղամարդու լավագույն դեր” անվանակարգում։ 37-ամյա դերասանին հաղթանակ է բերել Queen խմբի երգիչ Ֆրեդի Մերկյուրիի դերը “Բոհեմյան ռապսոդիա” (Bohemian Rhapsody, 2018) կենսագրական ժապավենում։ Սա դերասանի առաջին BAFTA մրցանակն է, ով ավելի վաղ այդ դերակատարման համար արժանացել է դերասանների գիլդիայի “Ոսկե գլոբուսին” և անվանակարգվել է “Օսկարի”։
Ինչպես և ակնկալվում էր, “Բոհեմյան ռապսոդիան” ստացել է նաև “Լավագույն ձայն” մրցանակը տեխնիկական անվանակարգում։ Ֆիլմի վրա աշխատող թիմը հսկայական աշխատանք է կատարել, երաժշտական համարների համար համատեղելով հանգուցյալ Մերկյուրիի (1946-1991), էկրանին նրան մարմնավորած Մալեքի և կանադացի երգիչ Մարք Մարտելի ձայները, ով հայտնի է որպես Մերկյուրիի “վոկալ երկվորյակ”։ Բացի այդ, ֆիլմի համար արհեստականորեն ստեղծվել է բազմության աղմուկը, որը ձայնակցում էր Queen-ին 1985 թ-ին հայտնի «Live Aid» համերգում։
Մալեքն, ում հետ բեմում գրկախառնվել է Queen-ի կիթառահար Բրայան Մեյը խոստովանել է, որ վախենում էր ներկայացնել իր աշխատանքը Լոնդոնում հավաքված ժյուրիի դատին, քանի որ Queen-ը և Մերկյուրին բրիտանական ռոք երաժշտության լեգենդն են։ “Շատ դժվար է, լինելով օտարերկրացի, մտնել ձեր (բրիտանական) աշխարհ։ Ինձ համար գաղտնիք չէ, ինչպես եք դուք սրբորեն պաշտում ձեր երաժշտական ժառանգությունը”,-ասել է դերասանը, ում ծնողները ԱՄՆ են ներգաղթել Եգիպտոսից։ Միևնույն ժամանակ, նա իր ելույթում չի հիշատակել ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերին, ով մեղադրվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և այդ պատճառով ներկա չի եղել հանդիսավոր արարողությանը։
Բրիտանական ժյուրին երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչել դրամայի և կատակերգության տարրերը համատեղող կենսագրական “Կանաչ գիրքը” (Green Book, 2018) ֆիլմում հայտնի ջազային երաժիշտ Դոն Շիրլիի (1927-2013) դերակատար ամերիկացի Մահերշալա Ալիին։
“Լավագույն օրիգինալ երաժշտություն” անվանակարգում պարգևատրվել է “Աստղ է ծնվել” ֆիլմը (A star is born, 2018), որտեղ գլխավոր կանացի դերում նկարահանվել է հայտնի երգչուհի Լեդի Գագան, ում մականունը հիշեցնում է Queen-ի ամենահայտնի երգերից մեկը:

Զվյագինցևի ազդեցության տակ

ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի (2001-2009) մասին պատմող ռեժիսոր Ադամ Մակքեյի “Իշխանություն” (Vice, 2018) ֆիլմը ներկայացվել է վեց մրցանակի, սակայն հաղթել է միայն “Լավագույն մոնտաժ” անվանակարգում:
Ֆիլմի ռեժիսորը խոստովանել է, որ անչափ տպավորված է եղել 2014 թվականին որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ առաջադրված Անդրեյ Զվյագինցևի “Լևիաթանը” կինոնկարով։ ”Այդ ֆիլմը մեծ ազդեցություն է ունեցել, սա ուժեղ ֆիլմ է, որտեղ պատմվում է այն մասին, ինչպես կոռուպցիան և իշխանությունը կարող են հակադրվել մարդկային արժեքներին”, - ասել է Մակքեյը:
“Իմ ֆիլմն այն մասին է, ինչպես է իշխանությունը փոխում մարդկանց, ինչպես է մի փոքր իշխանությունը վերածվում հսկայականի և այն մասին, ինչպես են սկզբում նորմալ թվացող մարդիկ մարդկանց կառավարելու հնարովորություն ստանալուն պես դառնում տարօրինակ։ Եվ մարդիկ պետք է ի նկատի ունենան, որ չվերահսկվող իշխանությունը փչացնում է մարդու հոգին և հանգեցնում իսկապես վատ բաների և մարդկային ցավի, իսկ Դիք Չեյնին դա արել է ԱՄՆ-ի նկատմամբ”, - ասել է ռեժիսորը:

Այլ հաղթողներ

Լավագույն վավերագրական աշխատանք է ճանաչվել “Միայնակ վերելք” ֆիլմը, որը պատմում է ամերիկացի էքստրեմալ լեռնագնաց Ալեքս Հոննոլդի կողմից 900 մետրանոց Էլ Կապիտան զառիթափ գագաթը նվաճելու մասին։ “Լավագույն անիմացիոն ֆիլմ” է ճանաչվել “Մարդ- սարդը” Spider-man: Into the spider-verse, 2018) մուլտֆիլմը։ “Լավագույն ադապտացված սցենար” անվանակարգում է մրցանակը շնորհվել է Սպայք Լիի BlacKkKlansman (2018) ֆիլմը։
“Լավագույն բրիտանական դեբյուտ” մրցանակին են արժանացել ռեժիսոր Մայքլ Փիրսը և պրոդյուսեր Լորեն Դարքը “Գազանը” (Beast, 2017) ֆիլմի վրա համատեղ աշխատանքի համար։
Մրցույթի ժյուրին “Ծագող աստղ” է ճանաչել ամերիկուհի Լեթիշա Ռայթին, ով հայտնի է “Սև հովազ” (Black Panther, 2018) և Վրիժառուները․անվերջության պատերազմ (Avengers: Infinity War, 2018) կինոկոմիկսներում խաղացած Շուրի աֆրիկուհի մարտիկի դերով։ Marvel կինոտիեզերքի բոլոր ժապավեններից ամենամեծ եկամուտ հավաքած “Սև հովազ” ֆիլմն արժանացել է նաև “Լավագույն հատուկ էֆեկտներ” առանձին մրցանակի։
Բրիտանական ակադեմիան BAFTA մրցանակակիրների անուններն ավանդաբար հայտարարում է ԱՄՆ-ում կինոաշխարհի երկու խոշորագույն մրցանակների հանձնման արարողությունների` “Ոսկե գլոբուս”-ի (կայացել է հունվարի 6-ին Լոս Անջելեսում) և “Օսկար”-ի (կկայանա Հոլիվուդում, փետրվարի 24-ին) մեջտեղում: Մամուլը միշտ ուշադիր հետևում է, որքանով է համընկնում անգլո-սաքսոնական աշխարհի այս երեք կինոմրցույթի ժյուրիի ընտրությունը: