Բավ է պառակտվել
30-11-2016 09:07

Ֆիլիպ Կիրկորովը՝ 1 մլն եվրոյի շորթման շուրջ մեծ սկանդալի կենտրոնում

Երեկ երեկոյան Մոսկվայում իրական դետեկտիվ շոու է սկսվել: Ֆիլիպ Կիրկորովը, կարծես, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Բայց նախ՝ նախապատմության մասին:

 Պարզվում է՝ նրա «Жестокая любовь» երգը (2002թ.) ֆրանսիական Space խմբի Symphonic Space Dream կոմպոզիցիայի պատճենն է: Խմբի կոմպոզիտոր Դիդյե Մարուանին ռուսական փոփ-արքայի դեմ հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան: Անկախ փորձագիտությունը պարզել է, որ «Жестокая любовь» երգի երաժշտությունը Symphonic Space Dream-ի վերամշակված տարբերակն է, որը Դիդյե Մարուանին գրել է դեռեւս 1999 թվականին, եւ Կիրկորովի կատարումը գրագողություն ճանաչել:

 Կիրկորովն իր հերթին Մարուանիին փաստաբանի հետ Մոսկվա է հրավիրել՝ մոսկովյան բանկերից մեկում ընկերական մթնոլորտում խնդիրը խաղաղ հարթելու համար: Սակայն հենց հանդիպման ժամանակ Դիդյեն փաստաբանի՝ Իգոր Տրունովի հետ ձերբակալվել եւ ոստիկանություն է տարվել:

 Space խմբի ղեկավարին կասկածում են Ֆիլիպ Կիրկորովից մեկ միլիոն եվրո շորթելու մեջ:

Ռուսական փոփ-արքան, իբր, համաձայնել է ֆրանսիացի կոմպոզիտորին փոխհատուցում վճարել, բայց հենց բանկում Մարուանիին ձերբակալել են, ուր եկել էր՝ փողերը ստանալու:

Ոստիկանությունը հարցաքննել է ինչպես Մարուանիին, այնպես էլ Կիրկորովին: Ուշ երեկոյան ֆրանսիացի երգահանին ազատ են արձակել: Նա դեռեւս պարզաբանումներ չի տվել, բայց երեկոյան նրան ոստիկանությունում հերթական հարցաքննությունն է սպասվում:

Կիրկորովի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին իր հերթին նշել է, որ ֆրանսիական կողմը հատուկ էր սրում իրավիճակը՝ փող աշխատելու համար:

«Նրանց պետք էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի Կիրկորովը վճարի... Արդյունքում Կիրկորովը դիմել է ոստիկանություն, եւ բանկում ձերբակալել են պարոնայք Տրունովին եւ Մարուանիին»,- նշել է իրավաբանը: