Բավ է պառակտվել
26-02-2014 15:41

Հայոց ցեղասպանության թեմայով 3-6 րոպե տևողությամբ ֆիլմերի սցենարական մրցույթ է հայտարարվել

Այսօր, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 3-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին: «Ֆիլմերը պետք է լինեն կարճ տևողությամբ, բայց էմոցիոնալ ու ազդեցիկ: Ամեն մի ֆիլմ պետք է իր մեջ մի պատգամ ունենա, ագիտացիոն լինի, որպեսզի մխվի դիտողի ուղեղում, սկսեն մտածել, փորփրել արխիվները»,- ասաց բանախոսը:
Հարություն Խաչատրյանի խոսքով՝ մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբն ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: «Լավագույնը ճանաչված երեք սցենարները կպարգևատրվեն 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, իսկ մյուսները՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Ընտրված 10 սցենարներով կնկարահանվեն ֆիլմեր:
Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն ռեժիսորների ընտրությունը մենք ենք կատարելու: Նրանք պետք է լինեն փորձված, պրոֆեսիոնալ»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Ասուլիսի ներկա մյուս բանախոս «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն էլ նշեց, որ տարբերություն չկա՝ լինելու է խաղարկային ֆիլմ, թե վավերագրական, կարևորն այն է, որ թեման հուզի հանդիսատեսին, նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործին. «Օրինակ՝ վերաբերվեն որբ երեխաներին, դավանափոխ եղած հայերին, մի խոնարհված եկեղեցու մասին, ուր դեռևս գաղտնի այցելում են հայերը և այլն»: Բանախոսներն ընդգծեցին, որ հայտերը պետք է ներկայացել մինչև հունիսի 30-ը: