Բավ է պառակտվել
12-07-2016 13:22

Ֆրանսիացի ռեժիսորը նախատեսում է Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանել

Հայկական ծագումով Ֆրանսիայի ռեժիսոր Առնո Խայաջանյանը նախատեսում է Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանել: Այսօր Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նա ասել է, որ պատրաստվում է այցելել Արցախ:

«Երկու օրից ես Ստեփանակերտում կներկայացնեմ իմ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմը: Ինձ շատ է հետաքրքրում Ղարաբաղը, նրա մասին շատ քիչ ֆիլմեր են նկարահանվել», - ասել է Խայաջանյանը:

Խայաջանյանը կօգտվի Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորությունից` ուսումնասիրելու իրավիճակը տեղում, իսկ հետո կվերադառնա այնտեղ կրկին աշխատելու համար:

Այս տարի «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին։ Կինոփառատոնի շրջանակում կներկայացվի մոտ 135 ֆիլմ, որոնցից 43–ը` մրցութային երեք ծրագրերում` «Խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր»։

Կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների գլուխգործոցները «Երևանյան պրեմիերա», «Հայացք դրսից և ներսից», «Հատուկ ցուցադրում», «Հայ կինո. նոր ժամանակներ», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Ֆրանսիական կինոծրագիր», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերի շրջանակում։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: