Բավ է պառակտվել
05-09-2019 19:39

Մինաս Ավետիսյանի “Գիշեր” որմնանկարը փրկվել է․ այն նոր “տուն” է գտել

Գյումրի քաղաքի կիսավեր գործարանի պատին նկարած Մինաս Ավետիսյանի “Գիշեր” որմնանկարն ապամոնտաժվել է և տեղափոխվել Ջաջուռ գյուղում Ավետիսյան տուն-թանգարան՝ վերականգնման։ Այս մասին հինգշաբոի մամլո ասուլիսում հայտնել է ականավոր նկարչի որդին, “Մինաս Ավետիսյան” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը։

“Գիշեր” և “Ցերեկ” որմնանկարները ստեղծվել են 1973 թվականին Գյումրիի գործարաններից մեկի պատին։ Երկու որմնանկարն էլ լրջորեն վնասվել էին 1988թ․Սպիտակի երկրաշարժի ժամանակ։

“Մեզ հաջողվեց ապամոնտաժել “Գիշեր” որմնանկարը և տեղափոխել վերականգնման Ջաջուռի տուն-թանգարան։ Վերականգնման աշխատանքների առաջին փուլը տևել է 8-10 օր։ Դրանք ավարտի հասցնելու համար մենք հրավիրել ենք փորձագետ Իտալիայից, ով 17 օրվա ընթացքում ամբողջովին կվերականգնի այն”,- ասել է Ավետիսյանը։

Ըստ նրա՝ վերականգնման աշխատանքների ավարտից հետո նախատեսված է որմնանկարը տեղադրել “Արմենիա” նոր մեգամոլում, որի շինարարությունը կավարտվի հաջորդ ամիս։

“Նկարը “բնակության” նոր վայր կունենա և հասանելի կլինի բոլորին”,- հավելել է Ավետիսյանը։

Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենը, որմնանկարը փրկվել է շնորհիվ հասարակական աջակցության և հովանավորների, մասնավորապես՝ Ալեքսանյանների ընտանիքի:

Ինչ վերաբերում է “Ցերեկ” նկարին, ապա Ավետիսյանի խոսքով, այն նույնպես կվերականգնվի, բայց կմնա Ջաջուռի տուն-թանգարանում: Այս դեպքում որմնանկարների կորած բեկորները կփոխանցվեն հոլոգրամի միջոցով:

Պատասխանելով հարցին, թե որքան են արժեցել վերականգնման աշխատանքները, հիմնադրամի տնօրենն ասել է, որ այս փուլում վերականգնման արժեքը կազմել է շուրջ 23 հազար դոլար:

«Սկզբում մենք նախատեսել էինք օգտագործել տեղական ներկ, բայց վերականգնման աշխատանքների ընթացքում հասկացանք, որ նկարը պահպանելու համար անհրաժեշտ են բարձրորակ նյութեր: Մենք դրանք նույնպես բերեցինք Իտալիայից, ինչը հանգեցրեց բյուջեի որոշ փոփոխությունների”, - ասել է նա:

Ավետիսյանի խոսքով՝ այսօր գրեթե լիովին լուծվել է հայ ականավոր նկարչի ժառանգության պահպանման հարցը, և Հայաստանում գտնվող 11 որմնանկարներին այլևս վտանգ չի սպառնում:

Մինաս Ավետիսյան՝ հայ նկարիչ, մշակութային և արվեստի գործիչ: Նա ստեղծել է մոտ 500 կտավ, գրեթե նույնքան նկար, 20 մեծ որմնանկար և դեկորացիաներ ավելի քան մեկ տասնյակ թատերական ներկայացումների համար: Նրա արվեստը պատվավոր տեղ է զբաղեցնում համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ: