Բավ է պառակտվել
22-10-2016 17:04

Գարիկ Մարտիրոսյանը խոսել է հեռուստատեսությունից հեռանալու մասին

Գարիկ Մարտիրոսանը հազվադեպ է հարցազրույց տալիս, ու վերջերս նաեւ հազվադեպ է երեւում հեռուստաեթերում։ Գարիկը, որը հայտնի է սոցցանցերի հանդեպ իր հակակրանքով, ամռանը անսպասելիորեն գրանցվել է Instagram–ում ու դրա հարթակում սկսել «Ինստա բաթլ» նախագիծը։

Ի դեպ, Comedy Club-ի վերջին թողարկումը նույնպես նվիրված էր Instagram–ի աստղերին։

«Ինձ շատ է դուր գալիս որեւէ բան անել նոր ասպարեզում՝ այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք ինձնից առաջ որեւէ բան չի արել։ «Ինսթա բաթլը» ես ինքս եմ ստեղծել, ես էլ այն կիրագործեմ։ Ի տարբերություն հեռուստանախագծերի, որոնք որոշակի նպատակներ ունեն, բյուջե եւ այլն՝ մենք նման խնդիրներ չենք դնի մեր առաջ։ Ուզում ենք բարձրացնել մեր, Instagram օգտատերերի ու հումորի զգացում ունեցող բոլոր ռուսալեզու մարդկանց տրամադրությունը՝ մանավանդ այս ոչ ուրախ ժամանակներում, երբ աշուն է եկել ու առջեւում մեզ ձմեռ է սպասվում»,- նշել է Գարիկը։ Շոումենը հումորով նշում է, որ Ռուսաստանում, ցավոք, ոչ մի երգիծական բուհ ու հատուկ դասընթացներ չկան (ՈՒՀԱ-ից բացի), որտեղ մարդը կարող է հղկել իր հոմորի զգացումը։

Ինչ վերաբերում է սոցցանցերի նկատմամբ իր վերաբերմունքին՝ 42-ամյա երգիծաբանը բացատրել է․

«Սոցցանցերը, ինչպես կարելի է հասկանալ անվանումից, ստեղծված են առաջին հերթին նրա համար, որ մարդը սոցիալիզացվի։ Շփվի նոր մարդկանց հետ, ընկերներ ձեռք բերի, ինքնաարտահայտվի։ Ոմանց հետաքրքիր են տեղեկությունների հոսքերը, ոմանք այնտեղ լուրեր ու տեսագրություններ են հրապարակում։ Բայց իմ կյանքը այնքան հագեցած է, ես այնքան շատ մարդկանցով եմ շրջապատված, որ երբեմն չեմ հասցնում շփվել այն բոլոր մարդկանց հետ, ովքեր աշխատում են ինձ հետ։ Comedy Club-ի գրասենյակը ինքնին սոցցանց է։ Պատկերացրեք՝ այնտեղ հինգ հազար մարդ է աշխատում։ Իսկ եթե ես դրանից բացի նաեւ սոցցանցերում ժամանակ անցկացնեմ, ես կխելագարվեմ։ Ես պետք է չքնեմ, ինձ համար երկրորդ ուղեղ գնեմ ու նոր աչքեր»։

Գարիկը նաեւ պատմել է իր արեւմտյան գործընկերների նկատմամբ իր վերաբերմունքի մասին․ «Երբեք։ Ես ոչինչ չեմ նայում հանուն նրա, որ իմ ուղեղում հանճարեղ մտահղացումներ ծնվեն։ Ես վախենում եմ հանճարեղ մտահղացումներից։ Վախենում եմ ամերիկյան շոուներից, ամերիկյան սթենդափերից, վախենում են նրանցից, ովքեր աշխատում են նույն ժանրում, ինչ ես, քանի որ նրանց իմաստային շեշտադրումներն ու ընկալումները հետո սխալ ազդեցություն է թողնում։ Այն ամենը, ինչ արել եմ կյանքում, թելադրված է եղել իմ անձնական ստեղծագործական երեւակայությամբ։ Ես ոչ մեկից ոչինչ չեմ վերցնում, դա ինձ պարզապես հետաքրքիր չէ։ Իրականում ես արդեն երկու տարի է ոչ մի տեղ ելույթ չեմ ունենում։ Ինձ հիմա բացարձակապես ոչինչ հետաքրքիր չէ։ Համարենք, որ իմ կյանքում ստեղծագործական ընդմիջում է։ Հաջորդ տարվանից նոր կյանք կսկսեմ։ Մեր երկիրը հարյուր տարի առաջ նոր կյանք է սկսել, ու ես կհետեւեմ իմ նախնիների օրինակին։ Հաջորդ տարվանից ես կսկսեմ հեղափոխական իրադարձություններ կերտել, միայն թե բարեբախտաբար՝ հումորի աշխարհում։ Նախապես ասել չեմ ուզում՝ վատ նշան է։ Մոտ ապագայում, եթե ամեն ինչ լավ ստացվի, դուք գուցե կտեսնեք ինտերնետային երգիծական ծրագրեր, որոնք կստեղծվեն բացառապես ինտերնետային հարթակների համար։ Ես հավատում եմ, որ համացանցը սարսափելի ուժ է»,- նշել է Գարիկը։