Բավ է պառակտվել
29-09-2014 10:58

Գերմանական մամուլի անդրադաձը Հայոց ցեղասպանությանը և Դեյր էլ Զոր քաղաքին

Գերմանական մամուլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթը գրել է, թե հաջորդ տարի երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեյր Էլ Զորում այն այլեւս չի ոգեկոչվի:
Ըստ պարբերականի՝ հայերի համար Դեյր էլ Զոր քաղաքան ունի նույն նշանակությունը, ինչ հրեաների համար Օսվենցիմը:
«1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձեւակերպման Թուրքիայից «տեղահանվել» եւ փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել: «Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին» վկայում էր հայոց պատմության դժնդակ էջերի մասին: Եկեղեցին ոգեկոչման վայր էր, թանգարան եւ այն ժամանակ սպանված անթիվ հայերի աճյունների վերջին հանգրվան:
Եկեղեցին հուշակոթող էր, որովհետեւ այն այլեւս գոյություն չունի: «Իսլամական պետության» բարբարոսներն այն պայթեցրել են: Հայաստանի Հանրապետության նախագահը եւ արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտել են այս բարբարոսական գործողությունը: Հայ ժողովրդի ամենակարեւոր հուշակոթողներից մեկը գետնին է հավասարեցվել: Ջիհադիստները հարգանք չեն ցուցաբերում ոչ միայն քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ, վերջերս Մոսուլում նրանք պայթեցրել են մահմեդական միստիկների` սուֆիների կողմից պաշտվող Հովնան մարգարեի տապանաքարը, այնուհետեւ` եզդիների սրբատեղիները:
Դեռեւս ապրիլին «Իսլամական պետությունը» գրավել էր Քեսաբ քաղաքը եւ ավերել այն: Այն գտնվում է առասպելական Մուսա լեռից հարավ` Թուրքիայի սահմանին. որտեղ մեծամասամբ Ցեղասպանությունից փրկված հայեր էին ապրում:
Սակայն Դեյր Էլ Զորի եկեղեցու պայթեցումը հայերի համար անհամեմատ ավելի ցավոտ է: Ամեն տարի ապրիլի 24-ին այնտեղ հավաքվում են հայեր աշխարհի տարբեր անկյուններից` ոգեկոչելու Ցեղասպանության օրը: Հաջորդ տարի երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեյր Էլ Զորում այն այլեւս չի ոգեկոչվի»,-գրում է թերթը: