Բավ է պառակտվել
06-11-2015 16:33

Ադրբեջանը փորձում է աղճատել բազմադարյա հայկական ժառանգությունը. Նալբանդյան

1945թ.-ին` իր կազմավորումից ի վեր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգալի աշխատանք է իրականացրել՝ միավորելով պետությունների ջանքերը՝ կրթության, գիտության և մշակույթի միջոցով խաղաղությունն ու կայուն զարգացումը խրախուսելու ուղղությամբ: Այս մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են ելույթն ամբողջությամբ.

Հարգելի՛ տիկին գլխավոր տնօրեն,
Հարգելի՛ պարոն նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում պարոն Սթենլի Սմաթային՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 38-րդ գլխավոր համաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մեր շնորհակալությունը հայտնում նախորդ նախագահ պարոն Հաո Փինգին:

Պարո՛ն Նախագահ,

1945թ.-ին` իր կազմավորումից ի վեր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգալի աշխատանք է իրականացրել՝ միավորելով պետությունների ջանքերը՝ կրթության, գիտության և մշակույթի միջոցով խաղաղությունն ու կայուն զարգացումը խրախուսելու ուղղությամբ: Կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանը հյուրընկալել է «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. հետո» միջազգային համաժողովը, որին մասնակցել են 40-ից ավելի երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կողմից ընդունված «Երևանյան հռչակագիրը» դատապարտում է մարդկության մշակութային ժառանգության գանձերի ոչնչացումը: Դժբախտաբար, այսօր այս հարցը դարձել է առավել քան երբևէ հրատապ: Այս կապակցությամբ, Մերձավոր Արևելքում ներկայիս իրավիճակը խորին մտահոգություն է հարուցում: Ահաբեկիչների կողմից բազմաթիվ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինավուրց Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: Դրանք հիշեցնում են նմանատիպ բարբարոսությունները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժվեցին՝ ճանապարհ հարթելով նոր հանցագործությունների համար: Պատմությունն վկայում է, որ անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում:

Պարո՛ն Նախագահ,

Մի դարաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը քաղաքակիրթ աշխարհի համար առանցքային հասկացություն են հանդիսանում, այլ քաղաքակրթություններին պատկանող արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության կանխամտածված վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվեն միևնույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն և անհապաղ գործի՝ պաշտպանելու համար այն, ինչ դեռևս հնարավոր է պահպանել:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանը շարունակաբար հրավիրել է այս բարձր մարմնի ուշադրությունը հարևան Ադրբեջանում գտնվող հայկական մշակութային ժառանգության ողբալի իրավիճակի վրա: Միայն Նախիջևանի շրջանում հազարավոր միջնադարյան խաչքարեր, հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր և այլ սրբավայրեր ամբողջությամբ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակվել է այս շրջանում և ովքեր այն կոչել են «Նախիջևան», ինչը հայերեն տառացիորեն նշանակում է «առաջին իջևան»՝ նկատի ունենալով աստվածաշնչյան Նոյի իջևանած առաջին վայրը։ Վերջերս Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը 2015թ. համար իր հրապարակած զեկույցում, խոսելով Նախիջևանում վանդալիզմի ենթարկված հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ, և բռնագրավված Լյութերանական եկեղեցին, որը վերածվել է համերգասրահի: Եթե մենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ միջազգային կազմակերպությունները, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագա է վաղը սպասվում այս և բազմաթիվ այլ վտանգված հուշարձաններին: Որպես վերոնշյալի վառ հակապատկեր՝ հարևան Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության ուղղությամբ: Իրանում գտնվող հայկական վանական համալիրները, որոնցից ամենահինը թվագրվում է 7-րդ դարով, Իրանի կառավարության կողմից ներառվել են Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Իր հերթին, Հայաստանը վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապույտ մզկիթը Երևանում և մտադրվում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ: Հայաստանը ջանում է իր ներդրումն ունենալ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմիններում կառուցողական ներգրավվածության միջոցով: 2013թ. Հայաստանը դարձավ Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ: Մեկ տարի անց մենք ընտրվեցինք այդ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ: Այս տարի Հայաստանը դարձավ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին կոնվենցիայի իրականացման հանձնաժողովի անդամ:

Պարո՛ն Նախագահ,

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի պահանջներից է, որպեսզի կրթությունը նպաստի բոլոր ժողովուրդների, էթնիկական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բարեկամությանը: Հաշվի առնելով կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացառիկ դերը՝ մենք կոչ ենք անում Կազմակերպությանն իր կրթական ծրագրերի շրջանակներում ձևավորել վերահսկողության մեխանիզմ, որը քննության կառնի և կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը՝ հատկապես պատմության և սոցիալական գիտությունների բնագավառներում՝ հատուկ շեշտադրում կատարելով խտրականության և այլատյացության բացառման վրա: Ադրբեջանը փորձում է աղճատել բազմադարյա հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակվում է այլոց մշակութային ժառանգության բռնի յուրացմամբ կամ ոչնչացմամբ, և նույնիսկ ավելին՝ հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության բռնազավթմամբ: Պետություն, որը դեռևս մեկ դար էլ չկա, ինչ հայտնվել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ոտնձգություններ է կատարում մի երկրի և ժողովրդի մշակույթի նկատմամբ, որի մի քանի հազարամյակների պատմությունը գրանցված է վաղնջական ժամանակներից: Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտանիքի անդամ, մենք կողմնակից ենք ընդգրկուն կրթական համակարգի զարգացմանը, խտրականության ցանկացած արտահայտության բացառմանը, կրթության բնագավառում բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովմանը: Այս առումով կցանկանայի ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ծրագրերից և նախագծերից ոչ մեկին դուրս չթողնելու կարևորությունը՝ ներառյալ նրանց, ովքեր բնակվում են այն տարածքներում, որոնց քաղաքական կարգավիճակը որոշված չէ և ենթակա է կարգավորման համաձայնեցված բանակցային գործընթացների շրջանակներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է երաշխավորի սեփական գործունեության համընդգրկուն բնույթը՝ առանց քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ այլ տեսակի խտրականության:

Պարո՛ն Նախագահ,

70 տարի առաջ ապագա սերունդների համար ավելի լավ աշխարհի կերտմանն ուղղված ընդհանուր նպատակը ձևավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմավորման հիմքը: Այնքան ժամանակ, որքան այդ նպատակները պահանջված կմնան, դրանց իրականացումը շարունակելու է խարսխված մնալ գործողությունների ներդաշնակության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և սկզբունքներին լիակատար հավատարմության վրա: Կազմակերպությանը քարոզչական վիճաբանության մեջ ներքաշելու ցանկացած փորձ, որևէ երկրի քաղաքական օրակարգը այդ արժեքների հաշվին կամ ի հակասություն դրանց առաջ մղելու նպատակով, պետք է վճռականորեն և անհապաղ սաստվի:

Պարո՛ն Նախագահ,

Հայաստանը լիովին հավատարիմ է մնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և նպատակներին և շարունակելու է ընդլայնել իր ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնություններին և ծրագրերին:

Շնորհակալություն: