Բավ է պառակտվել
24-03-2023 13:33

Հայաստանի ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կարող են սկսվել Հատիս լեռան վրա Քրիստոսի հսկայական արձանի տեղադրման աշխատանքները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ծառուկյան» հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել Հատիս լեռան վրա պեղումներ իրականացնելու մասին, որի վրա նախատեսվում է կանգնեցնել Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«եվ եթե մեզ հաջողվի գտնել բնակավայրի կամ բերդի ավերակներ, ապա հիմնադրամը, նախապես կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում, իր վրա կվերցնի վերականգնման բոլոր աշխատանքները։ Պեղումները կսկսենք, երբ եղանակային պայմանները թույլ տան, և ձյունը հալչի»,- ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։

Նրա խոսքով, Քրիստոսի հսկայական արձանի կառուցման շուրջ բանակցությունները կսկսվեն միայն վերը նշված բոլոր աշխատանքների ավարտից հետո։

Կրքեր Քրիստոսի արձանի շուրջ

Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը երկրում Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարեց 2022 թվականի հունվարին։ Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։ Ենթադրվում է, որ այն կլինի Քրիստոսին նվիրված ամենամեծ հուշարձանը, որի բարձրությունը պատվանդանի հետ միասին կկազմի 77 մ, իսկ արձանի բարձրությունը՝ 33 մետր։ Զբոսաշրջիկներին գրավելու համար այնտեղ կբացվեն նաև թանգարան, ճոպանուղի, քոթեջներ և սրճարաններ և այլ ենթակառուցվածքներ։

Հուլիսի սկզբին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հուշարձանի տեղադրման նախագծին, Հայաստանի Կոտայքի մարզում Հատիս լեռան վրա (Երևանից 25 կմ հեռավորության վրա) տեղի ունեցավ արձանի կառուցման մեկնարկի արարողությունը։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պահանջեց կասեցնել նախագծի իրականացումը և Հատիս լեռան գագաթին գտնվող հնագույն բրոնզե-երկաթե դարաշրջանի քաղաք-ամրոցի տարածքում դադարեցնել ցանկացած գործունեություն, րըո հակասում է գործող օրենսդրությանը և կանոնակարգերին։ Նշվում էր, որ նախքան նախագծի ներկայացումը անհրաժեշտ է մասնագիտական ուսումնասիրություններ կատարել։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը դիմեց իրավասու մարմիններին՝ մասնագիտական եզրակացություն և շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություններ ստանալու համար։

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման մասին տեղեկությունն արժանացել է, ընդհանուր առմամբ, հասարակության բացասական արձագանքին։ Սոցցանցերի օգտատերերը տարակուսած են, որ հետպատերազմյան իրավիճակում այդքան մեծ ուշադրություն է դարձվում նման բացահայտ կոմերցիոն նախագծին, այլ ոչ թե երկրի անվտանգության ամրապնդմանը, 2020 թ.-ի Արցախյան պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքների սոցիալական խնդիրներն ավելի ակտիվ լուծելուն, խարխուլ եկեղեցիների վերականգնմանը և այլ անհետաձգելի խնդիրներին։