Բավ է պառակտվել
30-11-2020 14:50

Արցախի գույները հենց արցախցիներից (լուսանկարներ)

Մեկ տարի առաջ Արցախում ստեղծվեց «Մարդուկ»-ը։ Պատճառը մեկն էր` Արցախի երեխաները աշխարհը պետք է ճանաչեն «Արտադրված է Արցախում» խաղալիքների միջոցով։ Այսօր այդ մարդուկները մնացել են Շուշիում։ Բայց «Մարդուկի» կյանքը շարունակվում է Հայաստանում։

Մանիկը, Նունին, Լոլոն, Տիկին պատրաստ են ժպիտներով լի օր պարգևել իրենց փոքրիկ բարեկամներին: «Մարդուկ»-ի հիմնադիր Քնար Դանիելյանը պատերազմի այս օրերին նոր մարդուկներ է պատրաստել ու հիմա սպասում է իր գնորդներին։ Ասում է, որ ամեն մարդուկ իր բնավորությունն ունի, իսկ պատերազմից հետո պատրաստվածները` նաև այլ խորհուրդ։
«Այո ամեն ինչ թողել ենք Շուշիիում` երկու բնակարան, իմ «Մարդուկ»- ի բոլոր նյութերը։ Իհարկե վերադառնալու ենք Ստեփանակերտ ու «Մարդուկ»-ը շարունակելու է արտադրվել Արցախում»։
Դալմա առևտրի կենտրոնի մի անկյունում արցախցի կանայք են, որոնք զբաղվում են ձեռագործ աշխատանքներով։ Նրանք մինչ պատերազմը Արցախում իրենց ձեռքի աշխատանքներ են վաճառել ու հիմա տեղափոխվելով Հայաստան որոշել են այս օրերին հայաստանցիներիս ծանոթացնել Արցախի գույներին՝ պայուսակների աքսեսուարների ու խորհրդանիշների միջոցով։

Նախշուն Ավագյանն իր իսկ ձեռքով պատրաստած «Նախշ» աքսեսուարներն է ներկայացնում, նշում է, որ Ստեփանակերտում արդեն բավականին հաճախորդներ ուներ, բայց չի հուսահատվում է, հաճախորդներ կգտնի, առաջիկա օրերին էլ կվերադառնա Արցախ ու նորից կսկսի իր գործով զբաղվել։

«Ապրել եմ Ստեփանակերտում, մի որոշ ժամանակ հետո պատրաստվում եմ 3 տղաներիս հետ վերադառնալ Արցախ ու շարունակել ստեղծագործել ու ծաղկեցնել մեր փոքրիկ հողը»։
Քրիստինե Բալայան էլ 2016-ից հետո կտրականապես հրաժարվեց թուրքական արտադրության ապրանքներ օգտագործելուց, որոշեց, որ իր պայուսակները պետք է կարի իր իսկ ձեռքով։ Առաջին նմուշն իր համար կարեց, վրան ասեղնագործելով «Եկ Արցախ»։ Հետո այն բոլորը հավանեցին ու որոշեց հոբբին վերածել աշխատանքի։
Երբ պատրաստվում էի արդեն հեռանալ, Քրիստինե Բալայանի սեղանին մի անկյունում տեսնում եմ կախված պայուսակ` վրան ասեղնագործած «Լյոխ Լյավ ա» հայտնի արտահայտությունը։
«Այս պայուսակը նախկինում ամենաշատն էր վաճառվում, քանի որ ես ասեղնագործել էի Արցախի քարտեզը ու սահմանները ավելի մեծ, սակայն հիմա այդ սահմաններից մնացել է ամենափոքր հատվածը»
Քրիստինեի խոսքից հասկանում եմ, որ նա այդքան շուտ չի պատրաստվում Արցախ վերադառնալ։

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եթե կարգավիճակի հարցը չլուծվի, ապա երեխաներիս չեմ տանի այնտեղ։ Իմ ընտանիքը առանց այն էլ մեկ անգամ տեղահան է եղել, ես չեմ ուզում, որ նույն ճանապարհը անցնեն իմ երեխաները։
Զրուցում եմ արցախցի մյուս կանանց հետ։ Քրիստնեի նման շատերն են մտածում։ Այսօր նրանք անվտանգության երաշխիք համարում են Արցախի կարգավիճակը, ու քանի դեռ այն որոշված չի` չեն հավատում, որ Արցախում ապրելն իրենց համար անվտանգ է։

Արմինե Գևորգյան