Բավ է պառակտվել
27-08-2015 12:43

Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքից Իտալացի դիրիժորը չի վախենում

Իտալացի դիրիժոր, Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ներկա է լինելու սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Նա Արցախ է մեկնելու ՀՀ առաջին տիկնոջ հրավերով, ում բարձր հովանու ներքո անցկացվելու է միջոցառումը: «Հայաստան իմ այցի գլխավոր նպատակն է մեկնել Արցախ, ներկա լինել այդ կարևոր մշակութային միջոցառմանը: Բոլորիս այնտեղ համախմբում է երաժշտությունը, որը պրոպագանդում է խաղաղություն»,- ասել է  Մարչիանոն: Դիրիժորն առաջին անգամ է լինելու Արցախում:  Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ Արցախ այցելելուց հետո կհայտնվի Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես սովորաբար լինում է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների, նաև քաղաքական, հասարակական գործիչների դեպքում, Ջ.Մարչիանոն ասաց. «Մշակութային այս միջոցառումն, ինչպես ասացի, խոսում է խաղաղության մասին: Ուրախ եմ ներկա լինել այդ նախագծին: Վախենալ, քաղաքական հարցերից ելնելով չմասնակցել միջոցառմանը, այդպիսի բան հնարավոր չէ: Մշակութային միջոցառման հիմնական խորհուրդն է՝ բացել սահմաններն ու ապրել խաղաղությամբ: Ոչ ոք որպես արտիստ, նման նախագծերից, միջոցառումներից հետ չի կանգնի»: Պատասխանելով մյուս հարցին, թե մտավախություն չունի՞, որ այդ համերգից հետո երբևէ Թուրքիայից հրավեր չի ստանա, դիրիժորը նշեց. «Ես կվախենայի նման իրավիճակից, եթե իմ ֆինանսականը և կարիերան դասեի ավելի վեր, քան մարդկային հարաբերությունները և գեղարվեստական արժեքները: Քանի որ ես նման դիրքորոշում չունեմ, չեմ վախեցել ու ելույթ եմ ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին, լինելու եմ նաև Ղարաբաղում: Եթե ինչ-որ երկիր ինձ հետ խնդիր ունի, որ ես որպես արտիստ կողմ եմ խաղաղությանը, արդեն դա տվյալ երկրի խնդիրն է, ոչ թե իմ»: Նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում Ջանլուկա Մարչիանոն ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար: Կատարելու է Գ. Մալերի 1-ին սիմֆոնիան: