Բավ է պառակտվել
15-06-2022 12:23

Հայտնի է ֆիլմը, որով կմեկնարկի Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը։

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի հանդիսատեսին կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը, սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է, օպերատոր՝ Գասեմ Էբրահիմյան, երաժշտությունը` Անդրանիկ Բերբերյանի։ Դերերում են Մայքլ Գյուրջյանը, Հովիկ Կեուչկերյանը, Նելլի Ուվարովան, Միխայիլ Տրուխինը։

Ֆիլմի հերոս փոքրիկ Չարլին փրկվելով Հայոց ցեղասպանությունից հայտնվում է Միացյալ Նահանգներում, սակայն շատ փախստականների և որբերի պես՝ Չարլիի մեծ սրտում անլցնելի անդունդ է գոյանում: Պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան, և նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Չարլիին ձերբակալում և բանտարկում են անհեթեթ հանցագործության մեղադրանքով: Շուտով պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է:
Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում: Նա «Էմմի» մրցանակ է ստացել «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմի համար: Հայտնի է «Ոսկե գլոբուսի» արժանացած «Հինգով ենք» սերիալում, ինչպես նաև պաշտամունքային և դասական դարձած «Փանքը Սոլթ Լեյք Սիթիից» ֆիլմում խաղացած դերերով: Նկարահանվել է «Չապլինը» (Ռոբերտ դե Նիրոյի հետ), «Հավերժ երիտասարդ» (Մել Գիբսոնի մասնակցությամբ), «Լաս Վեգասից հեռանալով» (Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ) և այլ ֆիլմերում։
Վերջերս նա Ռոբերտ դե Նիրոյի հետ հանդես է եկել HBO-ի «Մեծն ստախոսը» ֆիլմում:
Նրա «Պատրանք» կինոնկարում նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասը։

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա Երևանում հուլիսի 10-17-ը։ Գեղարվեստական ​​ֆիլմերի ժյուրիի նախագահը իռլանդացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջն է։