Բավ է պառակտվել
29-04-2015 14:11

Հայտնի ջազմենները Երևանում երաժշտական տոն կկազմակերպեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո, արդեն մի քանի տարի անընդմեջ, ջազի միջազգային և հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Այս տարի ևս, ապրիլի 30-ին, ժ. 20:00-ին Կասկադ համալիրի հարակից տարածքում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան, որի շրջանակներում Երևան են այցելելու ազգությամբ հայ ջազ երաժիշտներ Մակեդոնիայից՝ Թավիջյան եղբայրները իրենց տրիոյով: Այդ մասին gisher.news-ին հայտնել է միջոցառումների մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: Համերգին մասնակիցներն են՝ Գարո և Դիրան Թավիջյանները և Գորան Գեշովսկին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, տաղանդավոր երաժիշտ Կարեն Մամիկոնյանը և այլոք:
Գալա-համերգին կհաջորդի Թավիջյան եղբայրների համերգը “Մեցցո” ակումբում, նույն օրը, ժ. 21:30-ին, և ջեմ-սեյշն Արմեն Հյուսնունցի, Խաչիկ Սահակյանի, Տիգրան Սանոյանի և Վարդան Առաքելյանի մասնակցությամբ: Թավիջյան եղբայրները Մակեդոնիայում և առհասարակ Եվրոպայում լայն ճանաչում ստացած ջազմեն եղբայրներ են: Նրանք ավելի քան չորս հարյուր համերգներ են ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Բալկաններում: Թավիջյան եղբայրները Մակեդոնիայում արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» բարձր կոչմանը, ինչպես նաև հանդիսացել են բրիտանական “SONY JAZZ” մրցույթի դափնեկիրներ: Նրանք հայտնի են նաև որպես բարձր կարգի կոմպոզիտորներ և պրոդյուսերներ, ովքեր համագործակցել և ելույթ են ունեցել մի բեմում այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ջո Զավինուլը /Joe Zawinull/, Չիկ Կորեան /Chick Corea/, Ռհանի Կրիջան /Rhani Krija (STING)/, Ռոզանա Վիտրո /Roseanna Vitro/, Ռիշար Գալյանո /Richard Galiano/ , Mc Coy Tyner, Blues Brothers, Theodosii Spassov, Branford Marsalis և այլն: Թավիջյան ընտանիքը Մակեդոնիայում ամենահայտնի հայկական գերդաստաններից է: Նրանք ցեղասպանության արդյունքում Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում նոր կյանք սկսած գերդաստանի 4-րդ սերնդի ներկայացուցիչներն են: 
Գարոն և Դիրանը ծնվել են երաժշտական ընտանիքում. Նրանց հայրը, Կարապետ Թավիջյանը, նույպես երաժիշտ է: Տարբեր երաժշտական գործիքներով շրջապատված լինելը ոչ միայն օգնեց մասնագիտության ընտրության հարցում, այլ նաև “ստիպեց” նրանց սիրել երաժշտությունը: