Բավ է պառակտվել
24-02-2021 21:18

Ի՞նչպես ֆուտբոլիստ Պելեն դարձավ երգիչ Արմենի․

Օվկիանոսից այն կողմ բնակվող մեր հայրենակից երգիչ Արմեն Նազարյանը՝ բեմական անունը Արմենի վերջին շրջանում մի քանի նոր երգեր թողարկեց:
Սակայն Հայաստանում նրան ավելի շատ սկսեցին ճանաչել «Երևան» երգով։ Երգի ծնունդը բավականին հետաքրքիր է եղել։
«Մի օր զանգում եմ երգահան Ռիչարդ Մադլենյանի, ում հետ արդեն տևական ժամանակ է համագործակցում եմ, ասում եմ․ «Ռի՛չ դու հաստատ դարակներումդ պահած լավ երգ կունենաս»: Ու Ռիչարդը որոշ ժամանակ անց ուղարկեց «Երևան» երգը։ Առաջին նոտաները լսելուց հետո հասկացա, որ սա իմ երգն է: Զանգեցի ասեցի․ «այ տաղանդ էս ի՞նչ ես գրել»:
Խոսքերի համահեղինակ է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորել է Արա Թորոսյանը:
«Մի գիշերվա մեջ ձայնագրվել եմ: Ու ձայնագրման պահից սկսած հստակ որոշել էի, որ այս երգը անպայման պետք է տեսահոլովակ ունենա»:
Արդեն Երևանում նկարահանվեց տեսահոլովակը, ու պատրաստ էր թողարկման, բայց ինչպես ասում են այդ երգին մի այլ ճակատագիր էր սպասվում:
Երգը պատահական լսում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ շատ է հավանում, հետո երգը լսում է Գագիկ Ծառուկյանը ու միաձայն որոշում են որ այն պետք է դառնա ԲՀԿ֊քարոզարշավի հիմնը։ Այդ տարին ԲՀԿ֊ն մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին:
«Անկեղծ մեծ սիրով համաձայնեցի, քանի որ համոզված էի, որ Երևանի մասին երգը չէր ընկալվելու որպես կուսակցական երգ: Եվ իսկապես այն դարձավ դարձավ երևանյան հիթ: Երևանյան բոլոր վարչական շրջանների բակերում, քաղաքի սրճարաններում, մեքենաների մեջ այդ երգն էր հնչում։ Ու իսկապես երգը նոր շունչ ստացավ»:
Արմենը ասում է, որ Ռիչարդը մտավախություն ուներ, թե երգի բառերը մի փոքր կենցաղային են ու քննադատությունների առիթ կարող էր դառնալ։
«Ես իհարկե համաձայն չէի, քանի որ Երևանի մասին պետք է երգես պարզ ու մտերմիկ լեզվով: Հիմա էլ այդպիսի միջոցառում չկա, որ Երևան երգը չպատվիրեն, ու լսելով մի քանի րոպե հայտնվում են հայրենիքում»:
Արմենը 2009 թ-ին հանգամանքերի բերումով մեկնում է ԱՄՆ֊-ը ու սկսում է գործունեություն ծավալել այնտեղ: Արմենենց ընտանիքում երաժշտի պակաս չի զգացվել: Ծնողները երաժիշտ են, մորեղբայրը, պապիկը թառահար է եղել, իսկ տատիկը երգել է ժողովրդական ոճում, բայց յուրահատուկ կերպով կատարել է Սայաթ֊Նովայի երգերը:
Արմենն ասում է, որ երբ ընտրեց երգարվեստը ընտանիքի անդամների համար զարմանալի չէր: Սակայն նշում է, որ մինչև երգի ասպարեզ մուտք գործելը զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու պարով: Ֆուտբոլային ասպարեզում բավական մեծ հաջողությունների էր հասել ու բոլորը «Պելե» էին ասում:
«Հայաստանից երկու հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից, բայց ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակում», քանի որ զորակոչային տարիքում էի: Ինձ օրենքով իհարկե հասնում էր տարեկետում, սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար, որն իհարկե մենք չվճարեցինք»:
Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի պրոֆեսիոնալ պարով: Սակայն դժբախտ պատահարը վերջ է դնում նաև պարային կարիերային:
«Մահացավ պարուսույցս ես շատ կոտրվեցի, որոշեցի այլևս չպարել»։
Որոշ դադարից հետո Արմենը սկսեց երգել, ու շատ պատահաբար ծանոթացավ Սամվել Ամիրաղյանի հետ, որն էլ դարձավ իր առաջին պրոդյուսերը:
2004 թ–ին աշխատում էր Armenian Music Center-ում, որպես մենեջեր, իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում: Ու երգիչ֊-երգչուհիները անընդհատ գնում գալիս էին մեր կենտրոն, քանի որ այդ տարիներին դա առաջիններից էր, որ նման գործունեություն էր ծավալում:
«Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում, ու ով լսում էր, ասում էին թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում: Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գևորգ Մեհրաբյանը ասել էր, որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելը լսեց ինձ ու սկսվեց մեր համագործակցությունը։

«Երգս քեզ նվեր» երգով մուտք գործեց երգարվեստ: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանը, խոսքերինը Ավետ Բարսեղյանը:
Երգն առաջին անգամ հնչեց Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Հետո արդեն տարբեր կողմերից հրավերներ էր ստանում։ Համերգային բուռն գործունեություն սկսեց ծավալել, ձայնասկավառկի համար երգերը արդեն պատրաստ էին, բայց ինչ֊ինչ խնդիրներ ի հայտ եկան ու համագործակցությունը դադարեց:
«Կյանքումս այնպես է ստացվել, որ ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսում եմ զրոյից: Հումորով ասում եմ․ «երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում: Բայց ես չեմ հիսաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն: Իսկ այն ինձ միայն խթան է տալիս առաջ շարժվելու համար»:
Հայաստանից մեկնելուց հետո մոտ 4 տարի դադար էր տվել: Արմենն ասում է, որ սկզբնական շրջանում Ամերիկայի այսպես ասած հայկական շոու֊բիզնեսի շուկան բավականին տարբերվում էր Հայաստանից:
«Հիմա եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ կասեմ․ «երկու տարբեր ֆիլմեր են, բայց նույն իմաստն ունեն»: Մեր շոու- բիզնեսը դարձել է հարսանիքի մասին: Այսինքն երգի ընտրությունից սկսած՝ տեսահոլովակից վերջացրած ամեն ինչ արվում է, որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լավ է, թե՞ վատ, բայց դա է իրականությունը:
Այս պահին երգիչը միաժամանակ աշխատում է մի քանի երգի վրա: Անցած տարի Արմենը գալիս է Երևան, երեք նոր երգի տեսահոլովակ նկարահանելու համար, բայց սկսվում է չարաբաստիկ պատերազմը։ ու բոլոր աշխատանքները դադարեցվում են։ Նա ինչպես այդ օրերին բոլորը լծվում է կամավորական աշխատանքի: Եվ պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադառնում է ԱՄՆ :
«Հավատացեք օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չի ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ, բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք, ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ, որոնք կունենան նաև տեսահոլովակներ»,֊ եզրափակեց մեր զրույցը Արմենը:

Արմինե Գևորգյան