Բավ է պառակտվել
27-05-2019 17:36

«Քասթինգ» ներկայացումը մարդ արժեքի մասին է ․դերասան Հայկ Պետրոսյան (Լուսանկարներ)

 

Պետական Կամերային Թատրոնում քասթինգ է «հայտարարված»: Բեմում երիտասարդ դերասան Վալենտինն է՝ ով ցանկանում է դառնալ հայտնի:
Ընտրել է հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհը՝ մասնակցել հսկայական նախագիծ - քասթինգի:
Ռեժիսորն ու օպերատորը ամեն ինչ անում են, որպեսզի բացահայտեն դերասանի հնարավորությունները: Սակայն այդ ամբողջ «բացահայտման» ընթացքում նրանք դերասանին ենթարկում են տարբեր փորձությունների:
Արդյո՞ք Վալենտինը հանուն հայտնիության պատրաստ է ամեն ինչի, արդյո՞ք բաղձալի երազանքին հասնելու համար պետք է մոռանալ սկզբունքերն ու կորցնել սեփական «Ես»֊ը:


Սա նոր ներկայացում է Երևանի Պետական Կամերային Երաժշտական Թատրոնում, որն արդեն համալրել է թատրոնի խաղացանկը: Այն բեմադրել է թատրոնի դերասան Վիլեն Սարգսյանը՝ ըստ ռուս հեղինակներ Հերման Գրեկովի և Յուրի Մուրավիցկու համանուն պիեսի: Ի դեպ, Վիլենի որպես բեմադրիչ դեբյուտային աշխատանքն է:
Վիլենը չի թաքցնում, որ դժվար է նույն ներկայացման շրջանակներում հանդես գալ և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասան: Բայց նաև ասում է, երբ աշխատում ես թիմով, ապա դժվարությունները մնում են հետևում:
«Սա նոր դրամա է՝ նոր օրենքներով: Կարծում եմ համարձակություն է նման ներկայացում բեմադրել, այն էլ առաջին անգամ: Բայց այս թեման անմիջականորեն ինձ հետ կապ ունի, քանի որ հերոսի իրավիճակում հաճախ եմ հայտնվել: Հետևաբար այստեղ մենք փորձել ենք ծաղրել այդ ամեն ինչը»,֊ասում է բեմադրիչը, ով նաև բեմի նկարչական ձևավորողն է:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանն ասում է, որ նման երևույթները դարձել են մեր իրականության անբաժան մասը, հետևաբար պետք է խոսել այդ մասին:


«Մենք վերացնում ենք այն քողը , որ կա քասթինգ ասված երևույթի տակ, ենթատեքստն ենք ամբողջովին վեր հանում: Շատ հաճախ քասթինգների պատճառով կորում է մարդկային դիմագիծը ու հաշվի չառնվելով մարդկայինը, այլ չափանիշներ են առաջ մղվում», - ասում է Սամսոն Ստեփանյանն ու հավելելում, որ այս ներկայացումը թատրոնի համար նոր ձևաչափ է ու նոր մոտեցում:
Ռեժիսորն ասում է, որ ոչ թե պետք է քասթինգ չանել ,այլ պետք է անել կարգով:
«Եթե մենք դա անում ենք արվեստի մոտեցմամբ այլ բան է, բայց եթե անում ենք կոմերցիայի համատեքստում, ու այն դարձնում շուկայական հարաբերոթյուն, ապա ունենում ենք այն արդյունքը, որն այսօր գերիշխում է մեզ մոտ»,-ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Գլխավոր հերոս Վալենտինին մարմնավորում է դերասան Արթուր Պետրոսյանը, ով երկու անգամ է մասնակցել քասթինգի: Ասում է, որ առաջին անգամ հոգնել է երկար սպասելուց ու հեռացել, երկրորդ անգամ՝ միանգամից ընտրվել է: Բայց և նշում է, որ իր ընկերներից շատերն են հայտնվել նման ոչ նախանձելի վիճակում:
Խոսելով Վալենտինի մասին դերասանը նշում է, որ այդ ճանաչելու մոլուցքով տարված հերոսը՝ փառքին է տրվում , կորցնելով իր «Ես»-ը:
Դերակատարներից Հայկ Պետրոսյանի խոսքով` բեմադրության մեջ անդրադարձ կա մարդ արժեքին: «Այսօր դաշտը լցվել է ոչ պրոֆեսիոնալ մարդկանցով: Այս թեմայի հետ առընչվում են բոլոր ոլորտների ներկայացուցիչները՝ բանկի աշխատողներից սկսած մինչ շոու -բիզնեսի ներկայացուցիչ նման կտտանքների կարող են ենթարկվել: Երբեմն թվում է` ոչ մեկին չի հետաքրքրում  մասնակիցը շնորհալի է, թե՝ ոչ. «քառակուսի» կանոններով են առաջնորդվում: Հենց այդ խնդիրների մասին է մեր բեմադրությունը, որը շատերին կհետաքրքրի»,֊ասում է Հայկն ու հավելում,որ այս ներկայացումը մարդ արժեքի և պրոֆեսիոնալ մասնագետ արժեքի մասին է :
Ի դեպ, ներկայացման առաջնախաղին հանդիսատեսի շարքերում պատգամավորներ կային: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշում է, որ քասթինգ ասվածը կա նաև քաղաքական դաշտում:
«Սյուժեն բավականին հետաքրքիր էր, արդիական և ոչ միայն շուու բիզնեսի համար: Ցավոք սրտի, երբեմն մարդիկ ստիպված են լինում կորցնել մարդկային դեմքը վաճառելով իրենց սկզբունքները , գաղափարները, ազնվությունը: Այս ներկայացումը այս առումով ակտուալ է բոլոր ժամանակների համար»,-ասաց պատգամավորը:


Նշենք, որ գլխավոր հերոս Վալենտինին մարմնավորում է դերասան Արթուր Պետրոսյանը, Պամելային՝ Անի Նիկոյանը, Իքս և Իգրեկ հերոսներին՝ Հայկ Պետրոսյանն ու Արթուր Պետրոսյանը, Զեթին՝ Վիլեն Սարգսյանը:

 

Արմինե Գևորգյան