«Լենինգրադ» ռոք-խմբի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել, հաղորդում է «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը, որը համերգի կազմակերպիչն է։
««FORPOSTART PRODUCTION» ընկերությունը, որպես «Լենինգրադ» ռոք-խմբի երևանյան համերգի կազմակերպիչ, տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգը չեղարկվում է տոմսերի վաճառքի անբավարար քանակի պատճառով», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունը ներողամտություն է հայցում և հայտնում, որ բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:
«Քանի որ համերգի կազմակերպիչը հենց «FORPOSTART PRODUCTION» ընկերությունն է, տոմսերի գումարները կարելի է ստանալ անմիջապես տոմսարկղերում` վերադարձի պահին», – նշում է ընկերությունը։
Ընկերությունը նաև հայտնում է, որ բոլոր տոմսարկղերի հետ առաքման ծառայություններ մատուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել` հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու նպատակով
«Եթե ձեզ ինչ-ինչ պատճառներով հարմար չէ գնալ այն տոմսարկղը, որտեղից ձեռք եք բերել տոմսերը, ապա կարող եք զանգահարել և խնդրել, որ տոմսարկղը առաքի ձեր գումարը ձեր նշած հասցեով», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«FORPOSTART PRODUCTION»–ը նաև նշում է, որ տոմսարկղի առաքիչն անվճար գումարը կհասցնի և հետ կընդունի տոմսերը: