Բավ է պառակտվել
11-02-2020 19:37

Կոնստանտին Օրբելյանը կրկին Օպերային թատրոնի տնօրենն է

Փետրվարի 10-ից Կոնստանտին Օրբելյանը կրկին Օպերային թատրոնի տնօրենն է։ Հաղթելով դատական ատյաններում պաշտոնապես վերականգնվել է Ազգային օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում, որից 2019-ի մարտին նրան հեռացրել էր մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։
«Այս լուրից ոմանք երևի գոհ են, ոմանք՝ դժգոհ, տարբեր խմբակցություններ կան»,-կատակեց Օրբելյանը՝ միաժամանակ նշելով, որ դեռ պետք է տեսնել՝ ինչպես են շարունակելու աշխատանքը, քանի որ օգոստոսի երեքին լրանում է տնօրենի՝ նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Բայց նշեց,որ թատրոնը պատրաստվում է բեմ բարձրացնել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը, որի իրականացման գործում գումար է տրամադրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Կոնստանտին Օրբելյանի՝ տնօրենի հաստիքում վերականգնվելուց հետո էլ, սակայն, Օպերային թատրոնում անորոշությունը չի վերացել։ Մաեստրոյի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020-ի օգոստոսի 3-ին։ Նրա հետագա պաշտոնավարման առումով ինչ կորոշի նախարարությունը, Օրբելյանն այս պահին ոչինչ չի կարող ասել։ Ակնկալում է, որ այս հարցում հստակություն կմցնի մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանի հետ փետրվարի 12-ին կայանալիք հանդիպումը։
Մինչ իրավիճակի հստակեցումը լուրջ ծրագրերի մասին Օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն առայժմ չեն ցանկանում խոսել։ Անցած փորձը ստիպում է առավել զգուշավոր լինել։
Օրբելյանի խոսքով նախկինում ձեռք բերած հյուրախաղերը և այլ պայմանավորվածությունները չեղարկվել են, քանի որ թատրոնը պետական աջակցություն չի ստացել:
«Մեծ ցավով պիտի նշեմ, որ անցյալ տարվա մեր բոլոր ծրագրերը, անգամ ստորագրման պատրաստ պայմանագրերեը, ստիպված էինք չեղարկել։ Մշակույթի՝ բոլորիդ հայտնի պատասխանատուի գործողությունների արդյունքում ստիպված էինք չեղարկել նաև նախապես պլանավորված մեր բոլոր հյուրախաղերը՝ Բահրեյն, Կատար, Դուբայ և այլն»,–ասաց Օրբելյանը։
Նա հիշեցրեց, որ իր ղեկավարման ժամանակաշրջանում հյուրախաղեր են ունեցել Դուբայում, Քուվեյթում, բեմադրել են «Մանոն» օպերային ներկայացումը, «Չիպոլինո» բալետային ներկայացումը, որոնց բեմադրության գործում պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերել:
Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետային ներկայացման համար Օպերային թատրոնը նախարարությունից դրամաշնորհ է ստացել։ Մաեստրո Օրբելյանը նկատում է՝ թատրոնը վերջին անգամ պետական աջակցություն է ստացել 2016 թվականին՝ «Դիմակահանդես» ներկայացման համար։ Պետությունն այսօր գումար չի տրամադրում շենքի պահպանման, տանիքի վերանորոգման համար։ «Բայց չէ որ սա պատմական շենք է, Թամանյանի գլուխգործոցներից մեկը»,-հավելեց Մաեստրոն։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն ընդգծում են, որ օպերան մի շարք խնդիրներ ունի, որոնք անհրաժեշտ է լուծել. նորոգման կարիք ունի կտուրը, օդափոխման համակարգն է վատ վիճակում` ձմռանը ցուրտ է, իսկ ամռանն այնքան շոգ է, որ աշխատելն անհնար է դառնում: Համալրման կարիք ունի նաև լուսաձայնային համակարգը:
Խոսելով այն ներկայացումների մասին, որոնք շատ կցանկանար բեմադրել, Օրբելյանն ասաց, որ մեզ օդի պես հարկավոր են բալետային ներկայացումները: «Խաղացանկում «Բյուրեղապակյա դղյակ»-ն է, «Չիպոլինո»-ն: Պարտավոր ենք բեմադրել «Շելկունչիկ», «Կարապի լիճ» բալետները: Դասական գործերը մեր բալետի քրեստոմատիան են: Շատ կցանկանամ բեմադրել Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ «Սառցե թագուհին»,-շեշտեց նա:
Օրբելյանը նշեց,որ ցանկանում է վերականգնել Օպերային փառատոնի ավանդույթը, 2021-ին Գեղամ Գրիգորյանի հոբելյանն է, հետևաբար պետք է նաև հոբելյանին պատրաստվել։ Ծրագրերը շատ են, բայց կոնկրետ քայլեր իրականացնելու համար նախ կայունություն ու հստակություն է անհրաժեշտ։ Մաեստրոյի խոսքով՝ այդպիսին է օպերային թատրոնի առանձնահատկությունը, այստեղ բոլոր ծրագրերը պետք է նախապես պլանավորել: