Բավ է պառակտվել
23-09-2020 20:17

«Սեր, խարդավանք, խնջույքներ և ժանտախտ»: Դեկամերոնը Մայր թատրոնի բեմում (Լուսանկարներ)

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ.Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Ներկայացումը բեմադրել է Լիլի Էլբակյանը։

«Սեր, խարդավանք, խնջույքներ և ժանտախտ: Բազմազան պատմություններով, հետաքրքիր գործողություններով համեմված իտալացի պոետ, գրող Ջովաննի Բոկաչոյի «Դեկամերոն» - գործը կբեմադրվի Ազգային ակադեմիական թատրոնում։ Բայց ներկայացումը տեղի է ունենալու ոչ թե թատրոնի բեմում, այլ թատրոնի հարակից բացօթյա տարածքում։ 

«Մենք ոչ թե ադապտացրել ենք ինչ-որ ներկայացում, որը բերել ենք բաց տարածք, այլ բեմադրել ենք նոր ներկայացում, փոխել ենք մեր թատրոնի բակի մթնոլորտը, զրոյից ստեղծել ենք ամեն ինչ»,–ասում է  թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Այս գործը պատահական չի ընտրվել։ Բեմադրիչ Լիլի Էլբակյանն ասում է՝ թեման շատ ակտուալ է։ Պիեսում կարմիր գծով անցնում է ժանտախտի թեման:

«Ես փորձել եմ հնարավորինս ամեն ինչ մոտեցնել մեր օրերին ու փոխանցել այն զգացողությունները, որոնք այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել իր մեջ։ Այս գործի իրադարձությունները որոշ չափով հիշեցնում են մեր օրերը, համավարակը  մեր հոգեվիճակը: Երբ հարց առաջացավ, թե ինչ բեմադրել, միանգամից «Դեկամերոնը» եկավ միտքս»։

Ներկայացման մեջ զբաղված են ութ դերասանուհիներ, այդ թվում և Լիլի Էլբակյանը։ Խոստովանում է, որ դժվար է լինել և ռեժիսոր և դերասանուհի։ Իսկ բեմադրությունն այնքանով է հետաքրքիր, որ այն անսամբլային է, չկան գլխավոր ու երկրորդական դերեր՝ բոլորն էլ գլխավոր դերում են։ Լիլին նշում է, որ ներկայացման փորձերը բավականին դժվարին պայմաներում են եղել, քանի որ փորձերն անցկացվել են դրսում։

«Ներկայացումը շատ դժվար է կայացել, որովհետև արև էր, շոգ էր, քամի էր դրսում: Ռեժիսորն ու դերասանուհիներն անսովոր վիճակում էին հայտնվել: Եթե թատրոնի բեմը բերում է մթնոլորտ, ապա դրսում ամեն ինչ խանգարում է, բայց փորձել ենք անել հնարավորինս գեղեցիկ, հետաքրքիր լուսային էֆեկտներով հարուստ բեմադրություն ստանալու համար»,–ասում է Լիլի Էլբակյանը:

Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ նկատում  է, որ թատրոնը սկսվել է հրապարակից եւ նորից վերադառնում է հրապարակ:

«Շատ լավ կլինի այսպիսի պայմաններում բեմադրել, օրինակ, «Էդիպ արքան»… Նոր արտահայտչամիջոցները բերում են խաղարկման նոր կերպերի: Թատրոնը կարեւոր է, որովհետեւ օգնում է մարդկանց ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից»

Ներկայացման ընթացքում պահպանվելու են հակահամավարակային բոլոր ցուցումները: Հանդիսատեսը պարտադիր պետք է դիմակ կրի, ջերմաչափվի, ախտահանվի և պահպանի սոցիալական հեռավորությունը: Մայր թատրոնը բացօթյա հարթակում կարող է հյուրընկալել միայն հիսուն թատերասերի: Իսկ պրեմերիան տեղի կունենա սեպտեմբերի 25 –ին ։

 

Արմինե Գեւորգյան