Բավ է պառակտվել
06-11-2018 23:11

Մեսչյանը վճռական է տրամադրված։ Ոչ մի պատմական հուշարձան չի ապամոնտաժվելու

“Քանի ես զբաղեցնում եմ գլխավոր ճարտարապետի պաշտոնն՝ այլևս ոչ մի պատմական հուշարձան չի ապամոնտաժվելու։ Սա նշանակում է, որ եթե դրանք վատ վիճակում են՝ կամրացվեն, եթե վերականգնման կարիք կա, ապա դա կկատարվի”,-հայտարարել է երեքշաբթի ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքերով, շինարարությամբ զբաղվող կապալառուները պետք է գումարներ հատկացնեն պատմական հուշարձանների վերանորոգման համար։ Նա նշել է, որ արդեն հանդիպել է «Հին Երեւան»-ի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ և պայմանավորվածություններ է ձեռք բերել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատմական հուշարձանները պահպանվում են, որոշվել է փոխել ստորգետնյա կայանատեղիի տեղը, որպեսզի չթուլանան հին շենքերի հիմքերը», - ասել է նա: Մեսչյանը նաև ասել է, որ, ցավոք, ոչ բոլոր շենքերը կարող են վերակառուցվել: «Հնարավոր է օգտագործել քարերի ընդամենը 30% -ը, քանի որ ժամանակին ոչ թե ապամոնտաժում է իրականացվել, այլ դրանք բարբարոսաբար քանդվել են։ Կան շենքեր, օրինակ Աֆրիկյանների տունը, որոնք մանրակրկիտ և զգույշ ապամոնտաժվել են։ Աֆրիկյանների տունը հնարավոր է 100% -ով բարձր որակով վերականգնել”,- ընդգծել է Երևանի գլխավոր ճարտարապետը։ Պարոն Մեսչյանը նաև կարծում է, որ ծրագրի իրականացման ժամկետները կախված են ֆինանսավորումից, սական վերանորգման առաջին արդյունքները կարելի է տեսնել արդեն երկու տարի անց, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է 4-4,5 տարի հետո։

«Հին Երևան» նախագիծով նախատեսվում է վերարտադրել հայկական մայրաքաղաքի 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի ճարտարապետական տեսքը: Քաղաքի կենտրոնի փոքրիկ հատվածում նախատեսվում է վերականգնել մի քանի տասնյակ շենք և ճարտարապետական կառույց, որոնք կառուցվել են այդ ժամանակահատվածում և պատմական ու մշակութային արժեք են ներկայացնում։

Կառավարության որոշմամբ ծրագրի ներդրողներ են հանդիսանում «Old City» ընկերությունն ի դեմս հայկական ծագում ունեցող շվեյցարացի գործարար Վարդան Սերմակեշի, ինչպես նաև տեղացի ձեռնարկատեր Վահե Հարությունյանը։ Շինարարության համար նախատեսված ամբողջ հողամասը մոտ 20 հազար քառակուսի մետր տարածքով բաժանված է այս երկու ներդրողների միջև, համապատասխանաբար՝ 16,5 հազար և 3,5 հազար քառակուսի մետր։

Պատմական թաղամասի վերակառուցման շրջանակներում նախատեսվում է կառուցել առևտրահանրային համալիր, երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի, իսկ բնակելի տարածքի առկայությունը բացառվում է: