Բավ է պառակտվել
03-08-2020 19:00

Հայ պատմաբանները գաղտնի քննարկում են ունեցել թուրք պատմաբանների հետ․ Պատմաբան Աշոտ Մելքոնյան

«Եվրոպական զանազան կառույցներ, տասնամյակներ շարունակ, թուրքերի հետ համատեղ համագործակցելով, փորձում են մեզ ներքաշել տարբեր ծրագրերի մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, եվրոպական կառույցները փորձում են մեր թշնամու կերպարը մեզանում մեղմել, և արդյունքում հաշտեցնել կողմերին։
«Բայց ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ։ Գերմանիան իր մեջ ուժ գտավ և պաշտոնապես ճանաչեց հրեաների Հոլոքոստը, իսկ Թուրքիան դեռ մեզ է մեղադրում թուրքական ցեղասպանության մեջ։ Սա հերթական լարված թակարդ է, որի մեջ մենք ցավոք հայտնվեցինք։

«Մենք ներքաշվեցինք խաղի մեջ․ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ նման կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ»,֊ասում է Աշոտ Մելքոնյանը:
Ըստ պատմաբանի երբ փորձում ես հասկանալ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների գործունեությունը Հայկական հարցի խնդրում, տեսնում ես, որ մեկը մյուսի հետևից ծուղակների շարան է:
«Անկախության հռչակումից հետո, երբ շատ երկրներ մեկը մյուսի հետևից ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, թուրքական կողմը 90-ական թվականների վերջին օրակարգ բերեց այսպես կոչված «հայ-թուրքական հաշտեցման» հանձնաժողովների գործունեությունը։ Սա զոհի և ոճրագործի հաշտեցման խնդիր ուներ։ Հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր։ Մեր իշխանությունները թաքցնում էին, որ իրենք պաշտոնապես մասնակցում էին այդ բանակցություններին։
ԱՄՆ-ում այդ բանակցությունները ընթացան 90-ականների վերջից մինչև 2003 թվականը, երբ հայկական կողմը ներքաշվեց այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ կարող է հավուր պատշաճի թուրքական կողմին ապացուցել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սակայն թուրքական կողմը փորձեց մեզ համար նոր ծուղակներ լարել, և դրա հետևանքով հայկական կողմը ուշացած դուրս եկավ այդ ծրագրից։
Հաջորդ ծուղակը, որ թուրքերը մեզ համար պատրաստեցին, դրանք հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններն էին, բոլորդ հիշում եք հայ հասարակության խռովքը, և, բարեբախտաբար, այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք ստորագրված էին, դուրս մնացին օրակարգից»։

«Այս անգամ, ցավոք սրտի, հայտնվեցինք կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում: Արդյունքում մենք ունեցանք 2017-2019 թթ վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում են Հայաստանում և Թուրքիայում պատմության չափորոշիչերի մասին և ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է զգայանականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու և զանազան այլ մեղքերի մեջ»,- ասաց նա:

Նա նշեց, որ այդ գրքերի մեջ մեզ խորհուրդներ են տրվում, թե ինչպես պետք է գրվի Հայոց պատմությունը, թե ինչպես պետք է գրվի Թուրքիայի պատմությունը, որ մենք հաշտվենք և խնդիրներ չունենանք մեր ագրեսիվ հարևանի հետ:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի խոսքով նախարարը ոչ միայն տեղյակ է այս ամենից, այլև հովանավորում է: Վերջինս համար զարմանալի է, որ նախարարը, երբ ստացավ ահազանգը, որ «պատմություն» առարկայի նոր չափորոշիչները մշակող հանձնաժողովի ղեկավարն ու որոշ անդամներ դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել Թուրքիայի հետ, չկանչեց և չասաց՝ ա՛յ ժողովուրդ ջան, թուրքերի հետ այս ի՞նչ եք արել։
Չափորոշիչները չեղարկելու հարցով այս նախարարին դիմելու իմաստ պատմաբանը չի տեսնում․ «Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ չեմ տեսնում, որովհետև զգացվում է՝ ինքն էլ է դա հովանավորում, ինքն էլ ինչ-որ ձևով՝ ուղղակի կամ անուղղակի, այս գործի հետ կապված է»։
Վերջինս համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը այս բացահայտումից հետո չեն կասեցնի գործընթացը։
«Գոնե պատմության գծով այդ չափորոշիչները, որոնք վստահվել են մարդկանց, որոնք այս թուրքական նախագծի մեջ են մասնակցել, դրանք պետք է չեղյալ հայտարարվեն և ստեղծվեն նորերը, միանշանակ»,-հայտարարեց նա։

 

 

Արմինե Գևորգյան