Բավ է պառակտվել
16-05-2014 16:04

Հնարավոր է, որ Մուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվի. «Ակօս»-ի անդրադարձը

՛՛Ակօս՛՛ շաբաթաթերթը գրում է. Քալե թաղամասը Մուշ քաղաքի հայկական հնագույն բնակավայրն է։ Պատմական Մուշից մնացած այս եզակի վայրի մասին նյութեր էին հրապարակվել այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությանը կից շինարարական կազմակերպությունը բնակարաններ կառուցելու համար քանդել էր թաղամասի պատմական շինությունները:

Հրապարակումներից հետո փլուզումից փրկվել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին և բնակելի մի շենք։

Եկեղեցուց, որը գանձ որոնողների կողմից բազմիցս ավերվել էր, այժմ միայն չորս պատերն են կանգուն մնացել։

Թուրքիայի Մշակույթի նախարարության կողմից գրանցվելուց հետո ակնկալվում է, որ այն պաշտպանելու համար քայլեր կձեռնարկվեն։

Մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում պաշտոն ստանձնած Մուշի նոր քաղաքապետ Ֆեյաթ Ասիան «Ակօս»-ին հայտնել է, որ եկեղեցու վերանորոգման համար սկսել են նախագիծ մշակել։

Մինչև 1915թ.-ը Մուշ քաղաքն իր 299 եկեղեցիներով, 94 վանքերով, 53 ուխտավայրերով և 5.669 աշակերտներ ընդունող 135 դպրոցներով կարևոր կենտրոն էր համարվում։

Սուրբ Աստվածածինը քաղաքի գլխավոր եկեղեցին էր։ Կենտրոնում այլ հայկական եկեղեցի էլ է եղել, սակայն այն մզկիթի է վերածվել։