Բավ է պառակտվել
20-09-2022 17:05

«Մի հավատացեք ահաբեկիչներին». Յան Գիլանը կոչ է արել չհավատալ Ադրբեջանին, որը փորձում է արդարանալ Հայաստանի վրա հարձակումների համար

Լեգենդար ռոք երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանը կոչ է արել չհավատալ Ադրբեջանին, որը փորձում է արդարանալ Հայաստանին բուլինգի ենթարկելու համար։

«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն ահաբեկումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանն իր հարևանների կողմից և մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար։ Շնորհակալություն»,- գրել է նա իր պաշտոնական կայքում։

Queen խմբի լեգենդար կիթառահար, դոկտոր Բրայան Մեյը, ով վերջերս Հայաստան էր այցելել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» գիտության և երաժշտության միջազգային հեղինակավոր փառատոնի շրջանակներում, իր Instagram-ում գրել է, որ Հայաստանը աշխարհի ամենախաղաղ երկրներից է, որն ունի ողբերգական պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1,2 միլիոն հայ էր սպանվել էր դաժան էթնիկ զտումների միջոցով, որոնք Թուրքիան մինչ օրս հերքում է:

«Այսօր Հայաստանը նորից ուզում են ջնջել աշխարհի երեսից»,- գրել է Մեյը։

2014 թվականին Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմը լեգենդար Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանին շնորհել է «Հայ ժողովրդի բարեկամ – 2014» կոչումը՝ հայկական մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում երաժշտական ​​դպրոցի վերակառուցման գործում մատուցած ծառայությունների համար։ Երաժշտական ​​դպրոցը, որը խիստ վնասվել էր 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, վերականգնվել է «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը երախտապարտ է ռոքին» ծրագրի շրջանակներում: Դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Յան Գիլանը Հայաստան էր ժամանել կնոջ և Rock Helps Armenia նախագծի նախաձեռնող, ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դիի հետ միասին։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։