Բավ է պառակտվել
12-10-2021 21:51

Նոր միզասցեն, թարմացված բեմական զգեստներ.«Սպարտակ» բալետը կրկին Օպերային թատրոնի բեմում է

Երկարատև դադարից հետո «Սպարտակ» բալետային ներկայացումը վերադառնում է Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ:
Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը պատմեց, թե ինչու է նման որոշում կայացվել։ Գլխավոր պատճառը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումներ են:

«Մենք ուղղակի մի մղջավանջի միջով անցանք նախորդ տարի, երբ մարդկությունը դրա փորձը չուներ ու աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, և հանկարծ փակվեցին բոլոր կառույցները՝ այդ թվում մշակութային հաստատությունները: Իմ պատկերացմամբ ամենածանր և ամենավտանգված վիճակում հայտնվեց հենց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը»,-ասաց Արա Խզմալյանը:

Նրա խոսքով՝ արվեստի մի շարք ոլորտներում այս կամ այն կերպ փորձում էին առցանց ձևով պահել հանդիսատեսի հետ կապը, և Օպերայի և բալետի թատրոնը ևս մի շարք առցանց ծրագրեր իրականացրեց: Սակայն ամեն դեպքում, ըստ փոխնախարարի՝ ամենաշատ մարզական վիճակ պահանջող և մշտապես մարզական վիճակում լինելու անհրաժեշտություն ունեցող արվեստը օպերայի և բալետի արվեստն է:

«Ձայնալարերի մարզվածությունը նկատի ունեմ, ֆիզիկական հսկայական պատրաստվածության խնդիր կար, և օբյեկտիվ հանգամանքների բերումով, ամբողջ մի ստեղծագործական կազմը մատնվեց այսպես կոչված հարկադիր պարապուրդի, որը ուղղակի աղետալի հետևանքներ կարող էր ունենալ մեր խմբերի մասնագիտական պատրաստվածության վրա»,-նշեց Խզմալյանը:

Հվի առնելով վերոնշյալը՝ փետրվարի 5-ին, հետպատերազմական իրավիճակում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական խորհուրդը որոշեց, որ խաղացանկում պետք է ներառել «Սպարտակ» բալետային ներկայացումը:

«Երկու կարևոր նպատակ էր հետապնդվում: Նախ սա այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է մոբիլիզիացնել ամբողջ թատերախումբը, և միանգամից այս փորձերի և ներկայացումների արդյունքում մարզական վիճակը հետ բերել, վերականգնել աշխատանքային ռեժիմը: Եվ երկրոդը, այս շրջանում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք նպատակ ունեն վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը, վերադարձնելու հերոսական ապրումները, հերոսական զգացմունքները, հաղթական ապրումները»,- ասաց նախարարի տեղակալը։

Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի խոսքով բեմադրման գործում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ բեմի լայնություն-երկարությունն է փոխվել, դեկորացիան, հագուստները:

«ԹԵ´ երաժշտական, թե´ բեմադրական առումով ինչ-որ փոփոխություններ կատարվել են: հնարավորինս թարմացրել ենք բեմական զգեստները»,-ասաց Հրաչ Գրիգորյանը:

Նա հավելեց, որ լուսավորության հետ կապված խնդիրներ կային, բայց ի վերջո դրանք կարգավորվեցին և օպերայի դահլիճը նոր գունային գամայով կներկայանա հանդիսատեսին։