Բավ է պառակտվել
10-05-2022 23:25

Հրապարակվել է Հիսուս Քրիստոսի արձանի էսքիզը, որը ցանկանում են տեղադրել Հայաստանում Ծառուկյանի նախաձեռնությամբ (տեսանյութ)

Հայաստանում ավարտվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը, տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

Այս տարվա հունվարին Ծառուկյանը հայտնեց, որ հայտարարում է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցման մրցույթ։

«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից», -:ասվում է Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։

Մարտին Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) հայտարարեց, որ ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Գերագույն հոգևոր խորհրդի հայ անդամների ժողովում նշվել էր եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով (խաչի փորագրված պատկերով քարակոթող)։ Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորել էր նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով։