Բավ է պառակտվել
21-11-2019 20:56

Ամուսնալուծությունից մինչև քաղաքականություն՝հարցեր ուղղված Եվգենի Պետրոսյանին

Նախօրեին Երևանում Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ երգիծաբան Եվգենի Պետրոսյանի համերգն էր, ևս մեկը դեռ առջևում է։ Առաջինից տպավորությունները դեռ թարմ են․ հանդիսատեսը ջերմ է ընդունել արտիստին։ Բայց Պետրոսյանն ասում է՝ համերգից հետո ամենաշատը հիշում է հետևյալ արտահայտությունը․ «Դուք պարտավոր եք ամուսնանալ»։
Արտիստի ամուսնության ու ամուսնալուծություն թեման չշրջանցվեց նաև ասուլիսի ժամանակ։ Սակայն Պետրոսյանը նախընտրեց այդ մասին չխոսել՝ դատավարության բնականոն ընթացքին չխոչընդոտելու համար։ Չփորձեց արդարանալ, ասաց , որ արդարանալու ոչինչ չունի, իսկ ամուսնալուծությունը հանդիսատեսի սերը միայն ավելացրել է և ոչ պակասեցրել։
Քաղական հարցեր նույնպես հնչեցին։ Պետրոսյանը ծնվել ու մեծացել է Բաքվում։ Որպես հայ՝ ինչպես է պատկերացնում արցախյան հիմնահարցի լուծումը։ Եվ արդյո՞ք երբևէ առաջարկ ստացել է ելույթ ունենալ Ադրբեջանում։

«Հայի համար ալտերնատիվ չի կարող լինել: Հուսով եմ՝ չկան մարդիկ, որոնց համար այլ տարբերակ կա։ Իսկ որպես արտիստ երբևէ մտքովս չի անցել ելույթ ունենալ Ադրբեջանում։ Ցավոք, այսօր այդպիսի տեսարան է․ ոչ նրանք կարող են մեզ մոտ գալ, ո չ մենք՝ նրանց: Անգամ խոսք չի կարող լինել այդ մասին: Աբսուրդն այն աստիճանի է, որ «Кривое зеркало»-ի արտիստներին թույլ չէին տվել Ադրբեջան գնալ: Երբ հարցրին՝ ինչու, պատասխանեցին, որ նրանք Պետրոսյանի թատրոնից են»:
Արտիստը պատմեց , որ տարիներ առաջ ցանկացել է գնալ Բաքու՝ հոր շիրիմին այցելելու համար։ Մի ադրբեջանցի, որն իմացել է արտիստի այդ ցանկության մասին, խոստացել է օգնել, բայց․
«Մի շատ ազդեցիկ մարդ իմացել էր իմ վշտի մասին, որ չեմ կարողանում գնալ հորս գերեզմանին, ասաց. «Ես քեզ այնտեղ գաղտնի կտանեի, բայց 100%-անոց երաշխիք չունեմ: Չեմ կարող պատասխանատվություն վերցնել: Եթե, Աստված չանի, մի բան պատահի, չեմ կարող ինձ վրա նման մեղք վերցնել»:
Պետրոսյանն ասում է, որ երգիծաբանները շոուբիզնեսի մարդիկ չեն, բացատրում է՝ եթե շոուբիզնեսում մարդն այդքան տաղանդավոր չի, բայց ունի հնարավորություն ու փող, ապա կարող է դառնալ հանրաճանաչ, իսկ հումորի ժանրն ամենաբարդն է, միջակություն չի հանդուրժում, պարտադրում է տաղանադավոր լինել։
Ի՞նչով է պայմանավորված իր հեղինակային հաղորդման երկարակեցությունը։ Պետրոսյանը մի քանի գաղտնիք է բացում։ Ասում է՝ երբ համերգային ծրագիրն ավարտվում է, ու արդեն պատրասատում են հեռուստատեսային տարբերակը, արդեն գիտեն, թե հանդիսատեսը որ ֆրազներին արձագանքեց, որտեղ ծիծաղեց, որտեղ լռեց ու չընդունեց։ Հետևաբար՝ հեռուստադիտողին մատուցում են որակյալ արտադրանք։ Եթերից հնչող հումորը պետք է որակով լինի, որ հեռուստադիտողն ուղղակի չծիծաղի ու անցնի կամ էլ փոխի ալիքը։ Պետրոսյանը երազանք ունի, որը ցանկանում է կյանքի կոչել;
«Ես մեծ ստեղծագործական ծրագրեր ունեմ։ Հույս ունեմ իրականացնել դրանց գոնե մի մասը։ Ինձնից հետո պետք է թողնեմ հումորի կամ կոմեդիայի թատրոն։ Հեռուստատեսայինը ժամանակավոր է, քանի որ քանի դեռ դու աշխատում ես, այն գոյություն ունի, երբ դադարում ես որևէ բան անել, ամեն ինչ ավարտվում է», – նշեց Պետրոսյանը։
Լրագրողները Պետրոսյանին հարցնում են՝ իսկ երբևէ եղե՞լ է ցանկություն, որ նա հայերենով ծրագիր ներկայացնի և արդյո՞ք տիրապետում է լեզվին։ Պետրոսյանը ժպտաց ու նշեց, որ երբ Բաքվից տեղափոխվեց Մոսկվա, հայրերեն գիտեր, հասկանում էր, բայց իր հայերենը երևանյան հայերենից շատ էր տարբերվում։ Հետևաբար որոշեց, որ պետք է շատ լավ տիրապետի ռուսերենին ու խոսի հենց այդ լեզվով։ Բայց հայերեն նա, իհարկե, գիտի, ծրագրի մասին դեռ չի մտածել։
Վերջին անգամ Պետրոսյանը Երևանում ելույթ է ունեցել 1991–ին, իսկ հայ հանդիսատեսի հետ երկրորդ հանդիպումը նոյեմբերի 24 ին է։

 

Արմինե Գևորգյան