Բավ է պառակտվել
24-09-2014 11:44

Պայթեցված հայկական եկեղեցու խաչն ու գմբեթը կանգուն են մնացել. լուսանկար

Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, որը պայթեցրել էին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները, գրեթե ամբողջությամբ վնասվել է: Ըստ արաբական i24news.tv կայքի՝ կանգուն է մնացել միայն եկեղեցու գմբեթը՝ խաչը վրան:
Տարածված տեղեկության համաձայն՝ նախկինում այդ շրջանը եղել է «Ան Նուսրայի ճակատ» խմբավորման հսկողության ներքո, որոնք պաշտպանել են եկեղեցին և թույլ չեն տվել, որ այն կողոպտվի:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից շրջանը գրավվելուց հետո եկեղեցին ականապատել են և պայթեցրել: Ուժգին պայթյունի ձայնը լսվել է Դեյր էզ Զորի տարբեր շրջաններում:
Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչները շարունակում են պղծել Սիրիայում գտնվող սրբավայրերն ու գերեզմանները:
1991թ.-ին կառուցված այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։