Բավ է պառակտվել
24-12-2022 21:39

Պիեռ Ռիշարը, Ժան Ռենոն, Կլոդ Լելուշը և մոտ 200 այլ ֆրանսիացի գործիչներ Le Figaro-ում իրենց համերաշխությունն են հայտնել արցախահայությանը

Ֆրանսիայի շուրջ 200 մտավորականներ, գրողներ, արվեստագետներ և մշակութային գործիչներ Սուրբ Ծննդի նախօրեին հոդված են հրապարակել Le Figaro թերթում՝ ի պաշտպանություն և համերաշխություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 120,000 հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում։

Հոդվածի հեղինակների թվում են հայտնի դերասաններ Պիեռ Ռիշարը, Ժան Ռենոն, Կարոլ Բուկեն, Թիերի Գոդարը, ռեժիսորներ Կլոդ Լելուշը, Ատոմ Էգոյանը և Սերժ Ավեդիկյանը, ինչպես նաև «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլա Ազնավուրը և ֆրանսիական Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը։

«Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից: Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն. որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն»,-ասվում է հայտարարության մեջ։

Հեղինակներն իրենց հիացմունքն են հայտնում րժանապատվությամբ լի այդ մարդկանց խիզախություամբ, որոնք փոխանակ խուճապին տրվելու՝ կազմակերպվում են և դիմադրում:

«Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը և բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջև երկխոսությանը: Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրև մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915-ի (երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությունը՝ խմբ.),դահիճների հետնորդն ու ժառանգը և նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են»,-ասվում է կոչում։