Բավ է պառակտվել
01-12-2016 08:49

Սոսո Պավլիաշվիլիին ադրբեջանական բեմում դիմավորել են «Ղարաբաղ» վանկարկելով

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի՝ Ադրբեջանում նախատեսված համերգը սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացումով. մի խումբ մարդիկ փորձել են տապալել համերգը:

 Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում Սոսո Պավլիաշվիլիի՝ բեմ դուրս գալուց առաջ մի խումբ մարդիկ քաշքշուկ են սկսել և բղավել են «Ղարաբաղ, Ղարաբաղ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց անմիջապես դուրս են բերել դահլիճից: ԶԼՄ-ները հայտնում են, որ համերգասրահում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել: Ոստիկանությունը մանրամասն զննել է բոլորին:

Նշենք, որ Սոսո Պավլիաշվիլիի անունն ավելի վաղ ներառվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», քանի որ նա «առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնության գալու մուտք էր գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք»:
Վերջերս Ադրբեջանը թարմացրել էր իր ցուցակը, Սոսո Պավլիաշվիլիի անունը հանվել էր այնտեղից, և 52-ամյա երգչին հրավիրել էին Բաքու։

Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևը նամակ էր գրել երգչին՝ խնդրելով հրաժարվել Բաքվում բարեգործական համերգից և չգալ Ադրբեջան, քանի որ Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանում առաջիններից մեկը համերգ տված Սոսոն իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։ Սոսո Պավլիաշվիլին արձագանքել էր արտիստի հայտարարությանը՝ նամակը համարելով անհայտ դրամատուրգի անձի նկատմամբ ուշադրություն հրավիրելու միջոց։ Պավլիաշվիլին հայտարարել էր, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայերի հետ բարեկամական հարաբերությունները ոչ մի հակամարտություն չի փչացնի։