Բավ է պառակտվել
16-05-2019 15:32

“Առաջին ալիքը” չեղյալ է հայտարարել “Ձայնը․երեխաներ” շոուի աղմկահարույց եզրափակիչի արդյունքները

“Առաջին ալիքը” որոշում է կայացրել չեղարկել “Ձայնը․երեխաներ” նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի արդյունքները, որտեղ հաղթանակ էր տարել երգչուհի Ալսուի և գործարար Յան Աբրամովի դուստրը։ Այդ մասին ասվել է հեռուստաալիքի տարածած հայտարարությունում:

“Ստուգումների միջանկյալ արդյունքները հաստատում են, որ քվեարկության վրա գործադրվել է արտաքին ներգործություն, որն ազդել է շոուի արդյունքների վրա”, - բացատրել են իրենց որոշումը հեռուստաալիքի ներկայացուցիչները` նշելով, որ շոուի ստուգումների վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի մինչև մայիսի վերջ:

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ հեռուստաալիքի կողմից մրցույթի արդյունքների ուսումնասիրության համար հրավիրված Group-IB ընկերությունը բացահայտել է հաղորդագրությունների զանգվածային ավտոմատացված ուղարկում 07 մասնակցի օգտին (այս համարի տակ էր եույթ ունենում Միկելա Աբրամովան)։ Մասնագետների տվյալներով, ձայների ավելացմանը մասնակցել է շուրջ 300 հեռախոսահամար, որոնցից ուղարկվել է ավելի քան 8000 հաղորդագրություն։

“Ձայների ավելացման մեջ ներգրավված անձանց մոտ առաջացել է տեխնիկական խնդիր, ինչի արդյունքում հաղորդագրություններն ավտոմատ ուղարկելու նպատակով գրված կոդի մի մասը հայտնվել է հաղորդագրության տեքստում “07 31: 26.04.2019 22:47:31” տեսքով, որտեղ 07-ը մասնակցի հերթական համարն է”,-բացատրել են փորձագետները։

“Առաջին ալիքն” իր հայտարարությունում նշել է նաև, որ աուդիտի նպատակն է հաստատել կամ հերքել քվեարկության վրա արհեստական ազդեցության փաստը: Հեռուստաալիքի ներկայացուցիչները նշել են, որ խնդիր չի դրվել մեղադրել որևէ մեկին:

Հեռուստաալիքը որոշել է նաև պատրաստել “Ձայնը. Երեխաներ” նախագծի հատուկ թողարկում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի մայիսի 24-ին, նկարահանումներին կմասնակցեն եզրափակիչ դուրս եկած բոլոր մասնակիցները:

Մինչև հաջորդ եթերաշրջանի սկիզբ “Առաջին ալիքը” մտադիր է նաև թարմացնել քվեարկության մեխանիզմը: