Բավ է պառակտվել
08-02-2022 21:46

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում «աղվանական կրոնական տաճարների վերականգնման», ասել է թե՝ հայկական եկեղեցիների աղվանացման աշխատանքային խմբի ստեղծման կապակցությամբ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով»,- ասվում է հայտարարությունում։

Փաստաթղթում շեշտվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»,- նշվում է հայտարարությունում։

Հարցի էությունը և արձագանքը Հայաստանում ու արտասահմանում

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ՝ իբր «հայերի կողմից ավղանական կրոնական եկեղեցիների վրա արված կեղծ գրությունները» հեռացնելու համար։ Խոսքը 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տականցած Արցախի տարածքում գտնվող հնագույն հայկական եկեղեցիների մասին է։ Չնայած Ռուսաստանի իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հորդորներին՝ Ադրբեջանի իշխանությունները դեռևս թույլ չեն տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել օկուպացված տարածքներ՝ մշակութային օբյեկտների և հուշարձանների վիճակը գնահատելու, ինչպես նաև դրանք պաշտպանելու նպատակով։

Հայաստանում Ադրբեջանի այս գործողություններն անվանեցին մշակութային եղեռնագործության փորձ և Արցախում Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական ժառանգության ոչնչացում։ Փետրվարի 7-ին հայկական 25 հասարակական կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, պահանջելով Հայաստանի իշխանություններից անհապաղ ծանուցել Արդարադատության Միջազգային դատարանին հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի իշխանությունների գործողությունների մասին, ինչպես նաև պահանջել կազմակերպելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այց և դիտարկում Արցախում։

ՀՀ կրթության և մշակույթի նախարարությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Ադրբեջանի գործողությունները դատապարտելու և միջոցներ ձեռնարկելու» կոչով։

Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է աննախադեպ արարքի՝ հարևան ժողովուրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր և ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու մեջ։

Արցախի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այս քայլըևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում:

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF) մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու եկեղեցիներից հայերեն գրությունները վերացնելու Ադրբեջանի ծրագրերով։

Վանդալիզմի դեպքերը և սպառնալիքներն Արցախի ժառանգությանը
Նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ստորագրումից հետո հայկական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքներում եկեղեցիների և այլ մշակութային և պատմական հուշարձանների պահպանության կապակցությամբ: Երևանը Ռուսաստանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության հույս ունի վանդալիզմի կանխարգելման և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման հարցում: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին մինչ օրս չի հաջողվել ստանալ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը Արցախի օկուպացվածված տարածքներ այցելելու համար։
Արցախի շուրջ հայտարարության ստորագրումից ընդամենը մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, սոցիալական ցանցերում հայտնվեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատերի լուսանկարները, որոնք պատված էին իսլամական գրություններով (հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ենթարվեց Ադրբեջանի ԶՈւ հրթիռային և հրետանային հարձակման, տուժեցին խաղաղ բնակիչներ և լրագրողներ)։ Վերջերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Ղազանչեցոց տաճարի գմբեթը, հեռացրել հրեշտակների արձանները ցանկապատից և իբր, ինչ-որ «վերականգնման» աշխատանքներ են կատարում:
Բացի այդ, ցանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում ադրբեջանական համազգեստով մարդիկ քանդում և պղծում են հայկական եկեղեցիները, քանդում խաչքարերը, հուշարձանները, տապանաքարերը: Հիմնովին քանդվել է Մեխակավանի Սուրբ Աստվածամայր եկեղեցին, ավերվել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ «Կանաչ ժամ» եկեղեցին: