Բավ է պառակտվել
10-03-2020 14:40

Երգչուհին, որ երգում էր հոգու ավերակների, կարոտի ու սիրո մասին․ Էլվինա Մակարյան 70

 

Նա փոքր էր ու փխրուն, քան երևում էր էկրանից: Երկար, սև, կամ երբեմն շիկահեր խիտ մազերով, ակնոցով, ծխախոտը ձեռքին… ու խռպոտ ձայնով։ Անhնար էր նրա ձայնը շփոթել, նա լցնում էր բեմն իր էներգիայով, իր արտիստզմով, խելահեղ կատարումներով ու ձայնով։ 

Այս տարի Էլվինա Մակարյանը կդառնար 70 տարեկան։ Նա մի մարդ էր, որը պայքարեց կարծրատիպերի դեմ թե կյանքում, թե արվեստում` պահպանելով իր ԵՍ–ը։ Մարդ էր, որն ունեցավ արվեստագետի սրընթաց փառք, դարձավ ճակատագրի խաղի զոհ, ունեցավ կորուստ, ապրեց կարոտով...
Մոսկվայի տան բեմից հնչում են Էլվինա Մակարյանի երգերը։ Բեմում Երգի պետական թատրոնի երիտասարդ երաժիշտների նորաստեղծ բենդն է։ Երեկոն վարում է Գրիշա Աղախանյանը.
«Ինձ բախտ է վիճակվել ոչ միայն ընկերություն անել, այլև երգ ձայնագրել։ Եթե առանց սեր չկա գարուն,ապա առանց Էլվինայի չկա մակարյանական գույն»։
Արդեն կատարումից հետո պատմեց թե ինչպես է ծնվել «Սեր Աստծո» երգը։
«Զանգեց, ասեց դուետ եմ գրել, ասեցի՝ բայց ես երգիչ չեմ, իրեն բնորոշ ձևերով ասեց ․ շատ ես խոսում։ Եկա․․․ նստեց գործիքի մոտ ու սկսեց երգել։ Ես զարմացած ասում եմ․ «Ես ե՞մ երգելու», բայց մեծությունը գիտեք ինչումն էր, որ ինքը հարմարվեց իմ ձայնին, որ ինձ կոմֆորտ ու համահունչ լինի»,–պատմեց Աղախանյանը։
Էլվինան 12 տարեկան էր, երբ երգում էր Ազնավուրի ու Ռոբերտ Լորետիի երգերը։ Նրա երգելու տաղանդը առաջինը նկատեց իր ամենամոտ ընկերը, քննադատը ու երկրպագուն՝ մայրը, որին ուղղակի խենթի պես պաշտում էր։ 14 տարեկանում արդեն որպես մեներգչուհի Ռոբերտ Ամիրխանյանի ջազային նվագախմբում էր, իսկ երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով նրա հզոր ձայնը, հրավիրեց անսամբլ։ Օրբելյանի նվագախումբը ապահովեց Էլվինայի թռիչքը երգարվեստում։ Սկսվեցին արտասահմանյան շրջագայությունները։ Երգչուհին տիրապետում էր անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին և իտալերենին, սիրահարված էր ամերիկյան ջազին ու երազում էր տեսնել Ռեյ Չարզին։ Նրանով տարված էին այդ ժամանակաշրջանի շատ արտիստներ։
«Ասում են Էլվինայի համար խելագարվում էր պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան։ Արամ Խաչատրյանը նրան հրաշք էր համարել, Նորայր Մնացականյանը խոստովանել էր որ խոնարհվում է նրա տաղանդի առջև, իսկ Շիֆուտինսկին ասել էր, որ Էլվինան իր տեսած երաժիշտներից ամենաանորմալն է», – ասում է Աղախանյանը։
Երբ առաջին անգամ նա երգեց Բեռլինում, նրան համարեցին էդիթ Պիաֆ, իսկ Հայաստանում պատրաստ չէին լսել ջազ երգող հեղափոխական երգչուհուն։ Եթե խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, ապա Էլվինա Մակարյանի պայքարը երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար էր։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը որոշում է, այսպես ասենք, «տնային կալանքի» ենթարկել նրան՝ վճարելով աշխատավարձ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թթ., նա չի դադարել ստեղծագործել։ Այդ տարիներին Էլվինան հրավեր ստացավ ԱՄՆ– ից և մի քանի շաբաթով տղայի հետ Նահանգներ մեկնեց որպես զբոսաշրջիկ։ Այդ նույն ընթացքում ստորագրվեց նրան աշխատանքից ազատելու հրամանը։ Երգչուհին հարկադրաբար հաստատվեց ԱՄՆ-ում։
Նա երգում էր հոգու ավերակների, կարոտի, մենության ու սիրո մասին։ Բայց սերն այդպես էլ նրան չայցելեց
«Երկու ամուսնությունից ծնվեցին երկու զավակները՝ Զառան և Ռոմանը։ Հանուն սիրո Էլվինան հրաժարվեց Մոսկվայի կենտրոնում ապրելու, կարիերան զարգացնելու գործնական առաջարկից։ Բայց արդյունքում նորից մնաց միայնակ ու անսեր։ Մնաց նրա կյանքի միակ գլխավոր տղամարդը, որով ապրում էր։ Իսկ նրա սիրո դաշտի ծաղիկները այդպես էլ չբացվեցին»,–պատմում էր Աղախանյանը։
Նա այդպես էլ չհաշտվեց որդու կորստի հետ։ Նրա մտերիմ ընկերուհին՝ երգչուհու բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Գայանե Կեսոյանը, հիշում է 17 տարիների ընկերությունից մի դրվագ։
«Նա ասում էր՝ ես չեմ լինի, ես ահավոր ջղայանում էի ։ Ասում էր՝ կգա այդ օրը, բայց ես ապրելու եմ։ Ասում եմ՝ դու միշտ ապրելու ես։ Իր խոսքերը այսօր իրականություն են դառնում։ Եվ դա անվերջ է լինելու, քանի որ նրա արվեստը անմահ է»,–ասաց Գայանե Կեսոյանը։
2007 թ–ին ամերիկյան իր բնակարանում հայտնաբերեցին երգչուհու անշնչացած մարմինը։ Մահվան պաշտոնական պատճառ նշվեցսրտի կաթվածը։ Սակայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել։
Նրա վերջին հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցնում է,․ «Կներեք, ի՞նչ գույնի են Ձեր աչքերը»: «Օվկիանոսի…» Նա իր հոգու խաղաղությունը գտավ հենց օվկիանոսում։ Կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակում էլ խնդրել էր՝ հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար:

 

 

Արմինե Գևորգյան