Բավ է պառակտվել
24-06-2022 19:06

Ֆրանսիացի երգչուհի ZAZ-ի ասուլիսը Երևանում համերգից առաջ

Ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը վաղը հանդես կգա իր առաջին մենահամերգով Երևանում HAYA փառատոնի շրջանակներում։ Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում նա պատմեց Հայաստանի հանդեպ ունեցած իր զգացմունքների, Շառլ Ազնավուրի խորհուրդների, սեփական ձայնի և ուրիշ շատ բաների մասին։

Երևանյան համերգի մասին. «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և անհամբեր սպասում եմ վաղվա համերգին: Իմ նպատակն է էներգիաս կիսել հանդիսատեսի և երաժիշտների հետ: Ուզում եմ, որ մեծ տոն ստացվի, որ հանդիսատեսն իրեն զգա լիցքավորված»:

Շառլ Ազնավուրի մասին. «Նրա խորհուրդները շատ կարևոր է իմ կյանքում։ Նա ինձ մեկ մեծ խորհուրդ տվեց՝ սովորել անգլերեն։ Բայց ես այդպես էլ չսովորեցի։ Ես շատ հուզված եմ Երևանում լինելու համար, քանի որ այն Շառլի հայրենիքն է։ Եվ ես ինձ շատ պատասխանատու և ուրախ եմ զգում այստեղ լինելով: Վերջին անգամ ես այստեղ էի Ֆրանկոֆոնիայի (Օրերի - խմբ.) շրջանակներում, և շատ հուզվեցիմեկնելուց առաջ»:

Սեփական ձայնի մասին. «Բարձր է ասված, որ ես ֆրանսիական երգի ներկայացուցիչ եմ, քանի որ կան շատ այլ արտիստներ, որոնք ներկայացնում են ֆրանսիական երաժշտությունը: Բայց ես կարծում եմ, որ իմ ձայնում կա մի բան, որը հիշեցնում է հին ֆրանսիական երգերը, միևնույն ժամանակ կա ինչ-որ նոր բան: Եվ այս խառնուրդը զարմանալի արդյունք է տալիս»:

Երազանքի համերգի մասին. «Ես շատ համերգներ եմ ունեցել, և դժվար է ասել, թե ինչպիսին պետք է լինի իմ երազանքի համերգը, կուզենայի բացահայտել (ինքս ինձ համար - խմբ.) նոր երկրներ, օրինակ՝ Աֆրիկայում»։

Կարիերայի սկզբի մասին. «Ես երգում էի տարբեր բլյուզ խմբերի հետ։ Երբ տեղափոխվեցի Փարիզ, սկսեցի երգել կաբարե բարում։ Եվ մի պահ նկատեցի, որ նրանք ինձ այնպես չէին հարգում, ինչպես հարկ էր, ուստի հեռացա այնտեղից, չնայած փող չունեի։ Ինձ ոչ մի տեղ չէին ուզում աշխատանքի ընդունել, ուստի որոշեցի ընկերներիս հետ երգել փողոցում։ Շուտով հասկացա, որ փողը չէ գլխավորը»։։

Կարևորի մասին. «Ինձ համար կարևոր է շրջապատված լինել սիրելի մարդկանցով, փողը, իհարկե, նույնպես կարևոր է, քանի որ նախագծերը ստեղծվում են նրանց օգնությամբ»։

Հաջողության մասին. «Հաջողությունը լավ է, բայց այն քեզ կտրում է ազատությունից: Ինձ համար ազատությունն այն է, որ անեմ այն, ինչ սիրում եմ և կարողանամ կյանքի կոչել իմ նախագծերը»:

Փարիզի մասին. «Ինձ համար Փարիզը շատ գունեղ է, քանի որ այնտեղ կան տարբեր երկրների և ազգությունների ներկայացուցիչներ։ Այն նման է ծիածանի»։

Հայաստանի հետ կապի մասին. «Երևանում շատ բան չեմ տեսել, բայց կարող եմ ասել, որ այստեղ մարդիկ սիրով են լցված, և դա ինձ շատ է դուր գալիս։ Հայաստանում շատ եմ սիրում դուդուկը, շատ եմ լսում Լևոն Մինասյանին, հատկապես նրա «Երազ» երգը։ Երբ հոգնած եմ լինում, միշտ միացնում եմ այս երգն ու էներգիայով լցվում»։

Հանդիսատեսի մասին. «Առանց հանդիսատեսի ես ոչ ոք եմ, քանի որ առանց հանդիսատեսի արտիստը գոյություն չունի»։