Բավ է պառակտվել
16-06-2017 16:13

«Մեր Պուշկինը» մրցույթի հաղթողներ են ճանաչվել Հայաստանն ու Արցախը

«Մեր Պուշկինը» մրցույթի հաղթողներ են ճանաչվել Հայաստանն ու Արցախը, այս մասին հայտատարել է «Մեր Պուշկինը» մրցույթի նախաձեռնող, հումանիտար փոխգործակցության նախագծերի հեղինակ, ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողների համար նախատեսված, «Մեր Պուշկինը» անվանումը կրող գրական մրցույթը մեկնարկել էր մայիսին: Արդյունքները ամփոփվել են հունիսի 6-ին՝ պոետի ծննդյան օրը: Նախագծի էությունը կայանում էր նրանում, որ մասնակիցները գրեին ժամանակակից պատմություն՝ հիմնվելով Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններից մեկի վրա:
« Այս մրցույթում հաղթողներ չկան: Ավելի ճիշտ՝ կան: Դա Հայաստանն ու Արցախն է, որտեղ երիտասարդները ոչ միայն տիրապետում են ռուսաց լեզվին, այլ նաև հմտորեն կարողանում են բանաստեղծություններ և պատմվածքներ գրել: Լավ հումորի զգացում ունեն, և կարողանում են ընթերցողի մոտ զգացմունքներ առաջացնել: Բոլոր աշխատանքները կտպագրվեն մեկ հավաքածույով: Բայց ես կցանկանայի, որ երիտասարդները չդադարեն գրելը: Որպեսզի այս մրցույթն իբրև սկիզբ դիտարկեն»,- ասել է Դվորնիկովը:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Արցախի Մեսրոպ Մաշտոցի համալսարանի ուսանողուհի Էմմա Օգոլցովան: Նրա «Անքնություն» բանաստեղծությունը պուշկինյան «Չեմ կարող քնել, հուր չկա»( «Мне не спится, нет огня») ստեղծագործության սրամիտ վերաշարադրումն է:
Ընդհանուր մրցույթի արդյունքում որոշվել է վեց մրցանակակիր, որոնք կստանան դրամական մրցանակներ. 200 դոլար՝ առաջին տեղի համար, 100-ական դոլոր՝ երկու երկրորդ տեղերի համար, և 50-ական դոլար երեք երրորդ տեղերի համար: Ժյուրիի որոշման համաձայն, մրցանակակիրների վեցնյակում չհայտնված բոլոր աշխատանքները կհամարվեն 7-րդ տեղը զբաղեցրած:
« Այստեղ պարտվածներ չկան, իսկ մրցանակային գումարները, որոնք հաղթողներին հանձնել է Հայ-Ռուսական համալսարանը, ավելի շուտ սիմվոլիկ բնույթ են կրում:
Ես տանել չեմ կարողանում ստեղծագործական մրցույթները, քանզի ցանկացած ստեղծագործական աշխատանք շատ սուբյեկտիվ է: Բայց, ցավոք, ինչ-որ խթան է հարկավոր, որպեսզի մարդիկ՝ հատկապես երիտասարդները, որոշեն ստեղծագործություն գրել»,- ասել է Դվորնիկովը:
Մրցույթի օրիգինալ գաղափարը գրավել է Ա.Ս. Պուշկինի ժառանգների ուշադրությունը, որոնք այսօր Բրյուսելում ղեկավարում են իրենց նախա-նախա պապի միջազգային հիմնադրամը: Ալեքսանդր Պուշկինը՝ բանաստեղծի արական գծով ուղիղ ժառանգը, և Մարիա Պուշկինան՝ ծոռնուհին տոհմածառի զուգահեռ ճյուղից, աջակցական նամակ են ուղարկել մրցույթի մասնակիցներին և կազմակերպիչներին:
«Մենք հանդիպեցինք Պուշկինի ժառանգների հետ Սանկտ Պետերբուրգում՝ մեծ պոետի ծննդյան տոնակատարության օրը: Դա անմոռանալի հանդիպում էր: Մենք փոխանցեցինք մեր մրցույթի մասնակիցներից մի քանիսի աշխատանքները: Պուշկինները շատ ուրախ էին, որ հայերի մեջ այդքան ուժեղ է Ալեքսանդր Սերգեևիչի ստեղծագործությունների հանդեպ սերը»,- ասել է Դվորնիկովը:
Մրցույթի իրագործման համար աջակցություն է ցուցաբերել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը: Մրցույթի մասնակիցներն են Ստեփնակերտի «Մաշտոցի համալսարանը» և Արցախի « Կերպար» գրական ակումբը: