Բավ է պառակտվել
30-03-2021 17:51

Շուրջ 4000 հայկական հուշարձան ոչնչացման եզրին է․ ԿԳՄՍ նախարար

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն անդրադարձել է Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին։

Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շուրջ 4000 հայկական վանքեր և մշակութային հուշարձաններ այս պահին գտնվում են ոչնչացման իրական վտանգի տակ: Այս մասին հայտնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար 
Վահրամ Դումանյանը ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Գերատեսչության մամլո ծառայության տարածած հաղորդակցության համաձայն՝ նախարարը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցում։ Նա հույս է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն այդ հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում։

Դումանյանը կարևորել է նաև երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև սպորտի ոլորտում համատեղ մարզական հավաքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Իր հերթին, դեսպանը նշել է երկու երկրների կառավարությունների միջև ակտիվ երկխոսության առկայությունը և հայ-ղազախական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Դեսպանն ընդգծել է Ղազախստանում հայկական սփյուռքի կարևորությունը՝ փաստելով, որ այն հիրավի «կենդանի կամուրջ» է երկու երկրների միջև:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են երեք ադրբեջանցի զինվորական մտնում հայկական եկեղեցի և հայտարարում, որ այնտեղ նամազ են անելու։ Նրանցից մեկի համազգեստի վրա բացահայտ է ադրբեջանական և թուրքական դրոշի առկայությունը։ Տղամարդիկ անպարկեշտ հայհոյում են, ջարդում սրբապատկերները։

Դրանից առաջ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հայտնել էր, որ Ադրբեջանը գետնին է հավասարացրել Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին Մեխակավանում։

Իսկ մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիներն մասնակի ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, քանդել Հովհաննես (Իվան) Թևոսյանի հուշարձանը։ Մինչ այդ էլ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։