Բավ է պառակտվել
28-05-2019 16:41

Պոզները հայերի նկատմամբ մեծ համակրանքի, Ղարաբաղ այցելելու ցանկության և Փաշինյանի հետ զրույցի մասին (Տեսանյութ)

Հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմել է երևանյան այցից ստացած տպավորությունների, հայ ժողովրդի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետաքրքիր զրույցի մասին:

Նա պատմել է, որ առաջին անգամ Հայաստան է եկել 54 տարի առաջ` 1965 թ. ազգային ինքնության զարթոնքը լուսաբանելու համար: Թեև Պոզները ամուսնացած է եղել ազգությամբ հայ Վալենտինա Չեմբերջիի հետ, սակայն բացահայտել է Հայաստանն իր սիրելի գրող Վիլյամ Սարոյանի վեպերի միջոցով։

Նրա խոսքերով, վերջին չորս տասնամյակների ընթացքում Երևանն անճանաչելիորեն փոխվել է:

“Այն դարձել է գեղեցիկ, ժամանակակից, և, ըստ իս՝ անչափ գրավիչ քաղաք․․․Ինչ վերաբերում է թախծին հայերի աչքերում, դրա հետ ոչինչ չես կարող անել։ Հայ ժողովուրդը շատ ծանր պատմություն է ունեցել, և զարմանալի չէ, որ չի անհետացել, չնայած՝ չէր էլ կարող։ Եվ զարմանալի չէ, որ մարդկանց աչքերում արտացոլվել է այդ ողբերգական և հերոսական անցյալն”,-ասել է լրագրողը։

Նա հավելել է, որ այդ նույնը կարելի է տեսնել հրեաների աչքերում։

“Ինձ շատ գրավում է հայերի բացառիկ հատկությունը, նրանց հաստատակամությունը՝ ապրել, գոյատևել, բառի բուն իմաստով՝ քարքարոտ հողի վրա, որտեղ ոչինչ չի աճում և միաժամանակ ուրախ լինել», - ընդգծել է նա:

Պոզները նշել է, որ չափազանց բարձր է գնահատում հայերի խելքը: «Հայերը շատ խելացի մարդիկ են, և դա շատ է գրավում ինձ։ Չեմ ուզում չափազանցեցնել, բայց ես մեծ համակրանք են տածում այս երկրի և այս ժողովրդի նկատմամբ», - ասել է նա:

Վերջին անգամ Պոզները Հայաստանում է եղել 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Նա ափսոսանքով նշել է, որ ոչ այն անգամ, ոչ էլ հիմա հնարավորություն չի ունեցել շրջագայել Հայաստանում և այցելել Ղարաբաղ։