Բավ է պառակտվել
15-08-2015 12:38

Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին. Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել  և խոսել նաև Հայոց ցեղասպանության մասին։ Այն հարցին, թե մոր Հայոց ցեղասպանության ժամանակ  գրեթե ողջ ընտանիքի կորուստն ինչ ազդեցություն է  ունեցել երգչի հետագա կյանքի վրա, Ազնավուրը պատասխանել է, որ շատ կցանկանար չլինել ներգաղթյալի որդի, սակայն «այդպես է դասավորվել կյանքը»։ Նա պատմել է, որ 14 տարեկանում Ֆրանսիայում ծնողների փաստաթղթերի հարցով մոտեցել է համապատասխան մարմնի պատուհանին և սկսել բղավել, որ ֆրանսիացի է։ Ազնավուրը մեծ ցանկություն է ունեցել ինտեգրվելու ֆրանսիացիներին։ Նա պատմել է, որ 4 տարի շարունակ իր ծնողների ընկերներն օգնել են իր ընտանիքին թղթեր ստանալու հարցում։ Ազնավուրը հուզված նշել է, որ այդ հիշողությունները շատ խորն են։ Հարցին, թե ինչու է Հայոց ցեղասպանության ճանաչումն այդքան կարևոր, Ազնավուրը պատասխանել է. «Թուրք երիտասարդությունը հոգնել է, որ բոլորը նրանց են մատնացույց անում։ Իրենց տատիկներն ու պապիկները «հրաշալի» չեն եղել, սակայն սխալ է նրանց մեղադրելը կամ նույն հարթության վրա դնելը»։ «Երբ մուսուլմաններն ինձ մոտենում ու հարցնում են՝ «Դու գիտե՞ս, որ ինչ արվել է՝ մեր անվան հետ են կապում», ես պատասխանում եմ, որ նույն բանն արվել է (ցեղասպանություն) կաթոլիկների կողմից։ Օրինակ՝ ինկերի մշակույթը ոչնչացվել է իսպանացիների ձեռքով»,- հավելել է նա։ Շառլ Ազնավուրը նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական փակ սահմանները։ Նա շեշտել է, որ ֆրանսիացի է և շատ է սիրում Ֆրանսիան՝ չնայած, որ սիրում է նաև Հայաստանը։ Երգիչը նշել է, որ այն հայերից չէ, ովքեր բացականչում են «Լավ թուրքը մեռած թուրքն է»։ Շանսոնյեն ասել է, որ մեծ ցանկություն ունի ճանաչել Թուրքիան, սովորել թուրքերենով ինչպես ասել «Բարև, ինչպե՞ս ես» և «խորանալ» թուրքերի մեջ, ինչպես դա արել է ֆրանսիացիների դեպքում։ Ազնավուրը հորդորել է, որ մարդիկ պետք է իրենց երեխաների մեջ մարդկայնություն սերմանեն։