Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
06-07-2018 18:25

Քաղաքական այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծումն էին-Փաշինյան

«Սկսում ենք արվեստի հեղափոխություն», այսօր Creative Armenia (Ստեղծարար Հայաստան) նորարարական մշակութային հիմնադրամի մեկամյակի կապակցությամբ «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդատվական խորհրդի անդամ, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու շատ շնորհալի արտիստներ պարզապես չեն կարողանում կայանալ սեփական երկրում և փառքի հասնում են միայն օտար հողում:

«Մշակույթի նախարարի առաջին գործերից մեկը պետք է լինի, որ հին ձևով, երբ ընդլայնված չէր կարողությունները մարդկանց համար, որ ներկայացնեն և մասնակցեն, մի քիչ ավելի տարբեր ձևով պիտի լինի: Եվ Creative Armenia-ն այդ գործընկերությունը ունի նախարարության հետ, որ կարողանանք նոր ձևով որակել Հայաստանի տաղանդը», - նշեց Սերժ Թանկյանը:

Ռոք աստղի խոսքով՝ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում արտիստի ճամփան դժվար է և Հայաստանը մշակութային կազմակերպված ուժի և ներդրումների կարիք ունի:

Խորհրդատվական խորհրդի անդամ մեկ այլ անդամ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը վստահ է՝ Creative Armenia-ն կլինի այն սյուներից մեկը, որ վերջ կդնի արվեստում առկա մենաշնորհին․ - «Մշակենք մեր Հայաստանի և մեր Սփյուռքի շփումները, հասկանանք՝ արվեստի ոլորտում ի՞նչ տարբեր կոնցեպցիաներով կարող ենք նյութեր մեջտեղ բերել»:

Հայտնաբերել և աջակցել ստեղծարար տաղանդավոր հայ արվեստագետներին ողջ աշխարհով․ արդեն մեկ տարի գործող Creative Armenia նորարարական մշակութային հիմնադրամն այս նպատակն է հետապնդում: Հիմնադիր, գործադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանն «Ազատութան» հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բոլոր ժամանակներում արվեստագետը խնդիր է ունեցել և միայն գումար հատկացնելով հարցին լուծում չի տրվում․ այսպիսի հիմնադրամներով, պետական աջակցությամբ միայն հայ արվեստը կարող է ճանաչելի լինել ամբողջ աշխարհում:

«Միասին պետք է օգնենք արվեստագետին կայանալ և հասցնել աշխարհի բեմ», - նշեց Հովհաննիսյանը: - «Եվ մենք աշխատում ենք իսկապես գտնել տաղանդավոր արվեստագետներին և մատուցել ճիշտ, ռազմավարական օգնություն»:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ վստահեցրեց՝ Հայաստանում այսօր մշակութային մթնոլորտ է փոխվում․ - «Ցավոք, հին Հայաստանում բոլոր ոլորտներում է այդպես եղել, երբ մասնագետները, իրենց ոլորտում գործունեություն ծավալող անձինք ստիպված են եղել այլ մեթոդներով և այլ լրացուցիչ փորձառություն ձեռք բերելու շնորհիվ ինչ֊որ կերպ հաստատվել: Նույնը եղել է մշակույթում: Միանշանակ, ոչ միայն այս պրոյեկտների, այլև ընդհանուր մթնոլորտի և հավասարության սկզբունքի այս մշակույթը ձևավորելով և որդեգրելով շատ բան փոխվելու է և արդեն փոխվել է»:

Այսօր միջոցառմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում շեշտեց՝ երևի թե յուրաքանչյուր երևույթի ամենակարևոր կողմը մշակութայինն է․ - «Քաղաքական այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, իրականում մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էին և, ըստ էության, քաղաքական հրապարակ ելան, կամ ավելի ճիշտ՝ քաղաքական ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթը՝ ընդդեմ սիրո մշակույթի: Եվ սիրո մշակույթը հաղթեց»:

«Ստեղծարար Հայաստան» նորարարական մշակութային հիմնադրամն արդեն մի քանի տաղանդավոր հայ արտիստների բացահայտել է: Նրանցից Մարիամ Պետրոսյանն այսօրվա միջոցառմանը իրական մշակութային երանգ հաղորդեց: