Բավ է պառակտվել
22-05-2020 19:10

Այսօր Մեծն Շարլ Ազնավուրի ծննդյան օրն է

Ֆրանսիացի հայազգի լեգենդար շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրն իրավամբ համարվում է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Ժամանակակից երաժշտության համաշխարհային գանձարանում հսկայական ներդրման համար մաեստրոն իր արժանի տեղն է զբաղեցրել երգահանների փառքի սրահում:

Այսօր՝ 2020 թվականի մայիսի 22-ին, Ազնավուրը կդառնար 96 տարեկան: Նա մահացավ 2018-ի հոկտեմբերին:

Իր 85 տարվա գործունեության ընթացքում մեծ երգիչը թողարկել է 294 ալբոմ և հանդես եկել շուրջ 1100 համերգով 94 երկրում:

Ազնավուրը սկսել է երգել 9 տարեկանից։ Նա զուգերգով հանդես է եկել կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ: 1946 թ.-ին երկուսն էլ մասնակցել են Էդիթ Պիաֆի համերգային շրջագայությանը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:

Ազնավուրը գրել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը կատարել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են՝ Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը։ Ազնավուրը զուգերգերով հանդես է եկել Ֆ․ Սինատրայի․ Ս Դիոնի, Լ․ Պավարոտիի, Պ․ Դոմինգոյի, Պ․Կաասի, Լ․ Մինելիի, Է․Սեգարայի և այլ հռչակավոր արտիստների հետ։

Ազնավուրը նաև Monsieur Carnaval (1965), Douchka (1973 թ.) և Lotrek (2004 թ.) օպերետների երաժշտության հեղինակն է։ Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180մլն․օրինակ։

Մեծն շանսոնյեն նաև դերասանական հիանալի հմտությունների տեր էր: Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում: Նրա մասնակցությամբ ամենահայտնի կինոնկարներն են` Ժան Կոկտոյի ”Օրփեոսի կտակ”-ը (1960), Ֆրանսուա Տրյուֆոյի “Կրակեք դաշնակահարի վրա” (1960), Ֆոլկեր Շլյոնդորֆի “Թիթեղյա թմբուկը” (1979), “Անցում Ռեյնի վրայով” (1960), “Տաքսի դեպի Թոբրուկ”, “Հորացիո 62”, “Սատանան և տաս պատվիրանները”, “Փարիզն օգօստոսին” (1966), “Կանդայը և վերջին արկածախնդիրները” (1969), “Գայլերի ժամանակը” (1970), “Արարատ” (2002) և այլն։

Ըստ TIME ամսագրի և CNN- ի համատեղ հարցման, Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող:

Վերջին տարիներին Ազնավուրը զբաղվում էր նաև հասարակական գործունեությամբ, նա Շվեյցարիայում ՀՀ պատվավոր դեսպանն էր: Նա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի լեգեոներ էր։ Ազնավուրն անգնահատելի ներդրում ունեցավ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում:

Ամեն տարի այս նշանակալի օրվա տոնակատարության շրջանակներում ամբողջ աշխարհում անցկացվում են տարբեր միջոառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, մշակութային և կրթական հաստատությունների անվանափոխություն։ Սակայն այս տարի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տոնակատարության նոր ֆորմատ է թելադրում:

Վիրտուալ ճանապարհորդություն

“Ազնավուր” հիմնադրամը կիսվել է այս օրվան նվիրված համերգային միջոցառումով:

“Այս վիրտուալ ճանապարհորդության ընթացքում դուք կարող եք վայելել Շառլ Ազնավուրին նվիրված համերգը: Տարբեր սերունդների արվեստագետները կկատարեն հիանալի երգչի հիթերը: Սա հիանալի առիթ է ընտանիքի հետ երեկո անցկացնել Շառլ Ազնավուրի երգերի ուղեկցությամբ ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա ստեղծագործունեությանը և կյանքին”, - ասված է հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հուշահամերգը կազմակերպել է Մարսելի (Ֆրանսիա) “Frank Événements” ընկերությունն այնպիսի հայտնի արվեստագետների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Էլեն Սեգարան, Ֆրեդերիկ Զեյթունը, Ջոանա Մանդիլը, Նարինե Դովլաթյանը, Ժերարդ Ֆերերը, Ամանդին Բուրժուան, Նաեստրոն, Միշել Լեբը և այլք:

Ֆլեշ մոբ

TM Production ընկերությունը նախաձեռնել է “Քաղաքն Ազնավուր է լսում” ֆլեշմոբը՝ նվիրված լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակին:

“Ելնելով ստեղծված իրավիճակից, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում նրա ծննդյան տարեդարձին նվիրված ավանդական դարձած ամենամյա համերգն այս տարի չի կարող անցկացվել: Այդ իսկ պատճառով, մենք առաջարկում ենք մայիսի 22-ին միանալ #ՔաղաքնԱզնավուրէլսում ֆլեշմոբին, միացնելով աշխարհահռչակ շանսոնյեի գործերը սրճարաններում, ավտոմեքենաներում, պատշգամբներում: Եկեք լսենք հայ ժողովրդի լեգենդ Շառլ Ազնավուրի երգերը՝ ծննդյան օրը վերածելով ազգային տոնի”, - ասված է ֆլեշմոբի կազմակերպիչների հայտարարության մեջ:

Բալետ

Շառլ Ազնավուրի ծննդյան կապակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում ժամը 20։00-ին կներկայացվի “Լա Բոհեմ” բալետային ներկայացումը: Երաժշտությունը՝ Շառլ Ազնավուրի, սցենարիստ և պարային բեմադրող՝ Ռուդոլֆ Խառատյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Աստղիկ Ստեփանյան: Նշվում է, որ ներկայացման ձայնագրությունը հասանելի կլինի էջում 24 ժամվա ընթացքում: