Բավ է պառակտվել
01-10-2021 18:17

Այսօր լրանում է լեգենդար Շարլ Ազնավուրի մահվան երեք տարին

Ֆրանսիացի հայազգի լեգենդար շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրն իրավամբ համարվում է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Ժամանակակից երաժշտության համաշխարհային գանձարանում հսկայական ներդրման համար մաեստրոն իր արժանի տեղն է զբաղեցրել երգահանների փառքի սրահում: Այսօր լրանում է նրա մահվան երեք տարին։

Իր 85 տարվա գործունեության ընթացքում մեծ երգիչը թողարկել է 294 ալբոմ և հանդես եկել շուրջ 1100 համերգով 94 երկրում:

Ազնավուրը սկսել է երգել 9 տարեկանից։ Նա զուգերգով հանդես է եկել կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ: 1946 թ.-ին երկուսն էլ մասնակցել են Էդիթ Պիաֆի համերգային շրջագայությանը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:

Ազնավուրը գրել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը կատարել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են՝ Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը։ Ազնավուրը զուգերգերով հանդես է եկել Ֆ․ Սինատրայի․ Ս Դիոնի, Լ․ Պավարոտիի, Պ․ Դոմինգոյի, Պ․Կաասի, Լ․ Մինելիի, Է․Սեգարայի և այլ հռչակավոր արտիստների հետ։

Ազնավուրը նաև Monsieur Carnaval (1965), Douchka (1973 թ.) և Lotrek (2004 թ.) օպերետների երաժշտության հեղինակն է։ Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180մլն օրինակ։

Մեծն շանսոնյեն նաև դերասանական հիանալի հմտությունների տեր էր: Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում: Նրա մասնակցությամբ ամենահայտնի կինոնկարներն են` Ժան Կոկտոյի ”Օրփեոսի կտակ”-ը (1960), Ֆրանսուա Տրյուֆոյի “Կրակեք դաշնակահարի վրա” (1960), Ֆոլկեր Շլյոնդորֆի “Թիթեղյա թմբուկը” (1979), “Անցում Ռեյնի վրայով” (1960), “Տաքսի դեպի Թոբրուկ”, “Հորացիո 62”, “Սատանան և տաս պատվիրանները”, “Փարիզն օգօստոսին” (1966), “Կանդայը և վերջին արկածախնդիրները” (1969), “Գայլերի ժամանակը” (1970), “Արարատ” (2002) և այլն։

Վերջին տարիներին Ազնավուրը զբաղվում էր նաև հասարակական գործունեությամբ, Շվեյցարիայում ՀՀ պատվավոր դեսպանն էր: Նա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի լեգեոներ էր։ Ազնավուրն անգնահատելի ներդրում ունեցավ Հայաստանի վերականգնման գործում 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: