Բավ է պառակտվել
16-10-2017 12:57

Սերժ Թանկյանը ՀՀ-ում առաջին անգամ կկատարի իր Օրկա № 1 Սիմֆոնիան (Տեսանյութ)

 

Հայկական ծագումով հանրահայտ ամերիկյան ռոք երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, հոկտեմբերի 19-ին առաջին անգամ Հայաստանում կկատարի իր Օրկա № 1 Սիմֆոնիան:
Ինչպես հաղորդում են նվագախմբի մամուլի ծառայությունից, համերգը կկայանա Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
Օրկա № 1 Սիմֆոնիան ձայնագրվել է 2012թ., Ավստրիայի Լինց քաղաքում: 2013թ. հունիսի 25-ին սիմֆոնիան թողարկվել է ալբոմի տեսքով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թանկյանը գրել է սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:
«Ստեղծագործության առաջին մասը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է որսորդ խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, և հասնել ֆիզիկական հնարավորությունների այս մոլորակում»,- ասում է Թանկյանն իր տեսաուղերձում:
Նա նշում է, որ երկրորդ մասում խոյադելֆինը որոշում է խորանալ մեդիտացիայի և խորը ինքնավերլուծության վիճակի մեջ: Երկրորդ և երրորդ մասերի միջև կենդանին հասկանում է, որ ինքն իր էությամբ դելֆին է:
«Մենք նրան խոյադելֆին ենք անվանում, բայց փաստացիորեն այն պատկանում է կաթնասունների դասին, դելֆին է: Համեմատելով խոյադելֆինին ու դելֆինին մարդկության լավ ու վատ տարատեսակների հետ ես փորձում եմ ասել, որ մենք միևնույն ժամանակ և՛ լավն ենք, և՛ վատը: Որ բոլորի մեջ էլ կա և՛ լույս, և՛ խավար: Եվ յուրաքանչյուրը որոշում է գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին»,- ասում է երաժիշտը:
Թանկյանի խոսքերով, Օրկայի վերջին և եզրափակիչ մասը կոչվում է Lamentation of the Beached, և հենց այդ ժամանակ է խոյադելֆինը, կամ մարդկությունը գիտակցում, որ մեր կյանքն այս մոլորակում չի սահմանափակվում միայն մեր սեփական տարիքով և ֆիզիկական գոյությամբ, այլ նաև բուն մոլորակի տարիքով, և այն ամենով, ինչ անում ենք մոլորակի համար:
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Իվան Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Փառատոնը կանցնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական տոնը իրականություն կդառնա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերի շնորհիվ (նվագախմբի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության և «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: