Բավ է պառակտվել
05-11-2021 20:18

Շվեդական «ABBA» քառյակը 40 տարվա դադարից հետո նոր ալբոմ է թողարկել

Շվեդական «ABBA» խումբն ուրբաթ թողարկել է Voyage անվանումը կրող ալբոմը, որը խմբի բաժանումից հետո առաջինն է վերջին 40 տարում; Այս մասին հայտնվում է երաժշտական խմբի պաշտոնական կայքում։

«ABBA-ն վերադառնում է նոր՝ Voyage ալբոմով»,- ասվում է կայքում։ Նշվում է, որ ալբոմն արդեն հասանելի է առցանց երաժշտական ծառայություններով ունկընդրելու համար, ինչպես նաև ձայնասկավառակների և ձայներիզների տեսքով։

Սեպտեմբերի սկզբին Լոնդոնից հեռարձակված վիրտուալ մամուլի ասուլիսի ժամանակ խումբը պատմել է, որ պատրաստվում է թողարկել Voyage ալբոմը 10 նոր երգով: Հայտարարվել է նաև Լոնդոնում կայանալիք շոուի մասին, որի համար կառուցվելու է 3000 հանդիսատեսի համար նախատեսված համերգահրապարակ։ Շոուն կրելու է նույն անունն, ինչ 40 տարվա ընդմիջումից հետո ձայնագրված ալբոմը։ Չորս «աբբայացիների»՝ քառյակի անդամների հոլոգրամների հետ միասին կենդանի ելույթ կունենա տաս երաժիշտ։

Շոուի պաշտոնական կայքում տեղեկացվում է, որ առաջին համերգները կկայանան մայիսի վերջին։

Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ աշխարհում վաճառվել է խմբի մոտ 400 միլիոն սինգլ և ձայնասկավառակ։ 2015 թվականին ABBA-ի Dancing Queen կոմպոզիցիան ընդգրկվել է հեղինակավոր ամերիկյան Grammy մրցանակաբաշխության փառքի սրահում։ Ըստ IMDb կինոպորտալի՝ Mamma Mia! և Mamma Mia! 2 ֆիլմերը, որոնց հիմքում ընկած են շվեդական խմբի երգերը, երկուսը միասին համաշխարհային կինովարձույթում հավաքել են ավելի քան 1 միլիարդ դոլար։