Բավ է պառակտվել
06-07-2021 12:57

Մահացել է լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանը

Հայ երաժիշտ, կոմպոզիտոր, հայկական ազգային երաժշտության գիտակ, նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը վերջին տարիներին բնակվում էր Միացյալ Նահանգներում։

Կյանքի 93–րդ տարում մահացել է աշխարհահռչակ հայ երաժիշտ, դուդուկի անգերազանցելի վարպետ Ջիվան Գասպարյանը։ Տեղեկությունը հայտնել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը։

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,–գրել է Գասպարյան կրտսերը ֆեյսբուքյան իր էջում։

Ջիվան Գասպարյանն աշխարհի ամենահայտնի դուդուկահարներից էր:

Ջիվան Գասպարյանի մասնագիտական կարիերան սկսվել է 1947-ին Մեծ թատրոնի բեմում` միութենական հանրապետությունների գեղարվեստական ցուցադրության ազգային սիրողական համույթի կազմում ելույթից: 1988-ին Լոնդոնում ձայնագրվեց Գասպարյանի առաջին՝ հին հայկական բալադներից կազմված «I Will Not Be Sad In This World» ալբոմը: Հայաստանում երկրաշարժի զոհերին նվիրված այս սկավառակը միջազգային ճանաչում բերեց երաժշտին:

Ջիվան Գասպարյանն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մեդալի: 2002 թվականին ստացել է WOMEX (World Music Expo) մրցանակ երաժշտական արվեստին մատուցած ծառայությունների համար: Հայկական ժողովրդական երաժշտություն կատարող համույթի հետ միասին Գասպարյանը հանդես է եկել «Քրոնոս» քառյակի, Վիեննայի, Երևանի և Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Նա աշխատել է բազմաթիվ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Անդրեաս Վոլենվեյդերը, Լայոնել Ռիչին, Պիտեր Գաբրիելը, Հանս Ցիմերը, Բրայան Մեըյ, Բորիս Գրեբենշչիկովը և Մայքլ Բրուքը: Ջիվան Գասպարյանը մասնակցել է հոլիվուդյան ֆիլմերի, այդ թվում՝ «Գլադիատոր»-ի երաժշտության ստեղծմանը, որի համար 2001 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը: