Բավ է պառակտվել
29-05-2022 12:39

Հայտնի են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողների անունները

Շվեդ ռեժիսոր Ռուբեն էսթլունդի «Վշտի եռանկյունին» (Triangle of Sadness) կինոնկարը շաբաթ օրն արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղին»՝ Կաննի կինոփառատոնի ամենաբարձր մրցանակին, որն անցկացվում է 75-րդ անգամ Լազուրե ափին։ Սա Էսթլունդի երկրորդ բարձրագույն մրցանակն է. հինգ տարի առաջ «Ոսկե արմավենու ճյուղը» ստացավ նրա «Քառակուսին» (The Square) ֆիլմը:

Մրցանակների վարկանիշում երկրորդը համարվող Գրան պրին հանձնվեց երկու ֆիլմի․ Լուկաս Դոնտի «Մոտ» (Close) բելգիական ֆիլմը, որը ողբերգական դեպքից հետո դեռահասի մեծանալու մասին է և Քլեր Դենիի «Աստղերը կեսօրին» (The Stars at Noon) ամերիկյան ֆիլմը, որը պատմում է Նիկարագուայում ամերիկացի լրագրողուհու արկածների մասին։

Կրկին Դարդեն եղբայրները
«Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիրներ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրներն արժանացան փառատոնի հատուկ պատվավոր մրցանակի՝ «Տորի և Լոկիտա» (Tori et Lokita) ֆիլմի համար։ Կինոնկարը պատմում է երիտասարդ ներգաղթյալներին բաժին հասած փորձությունների մասին՝ Եվրոպա հասնելուց հետո։

Ժյուրիի մրցանակին արժանացան իտալական «Ութ լեռ» (Le otto montagne) և լեհական «Իա» (EO) ֆիլմերի ռեժիսորներ Շառլոտա Վանդերմերշը և Եժի Սկոլիմովսկին։

Լավագույն սցենարիստ է ճանաչվել շվեդ սցենարիստ և ռեժիսոր Թարիկ Սալեհն իր իսկ «Տղան երկնքից» (Boy from Heaven) .ֆիլմի սցենարի համար։

Դերասաններից լավագույն է ճանաչվել Սոն Կան Հոն, ով նկարահանվել է ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդայի «Միջնորդ» ֆիլմում։ Իրանցի աստղ Հարա Ամիր Էբրահիմը ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ իրանցի ռեժիսոր Ալի Աբբասիի «Սուրբ սարդ» ֆիլմում դերակատարման համար։

Հակառակ սպասումներին
Ռուս ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Չայկովսկու կինը» ժապավենը, ի հակառակ բազմաթիվ կինոքննադատների ակնկալիքների, մրցանակի չարժանացավ։ Նաև, ի զարմանս շատերի, մրցանակ չստացավ նաև ֆիլմի գլխավոր դերակատար ռուս երիտասարդ դերասանուհի Ալյոնա Միխայլովան։ Մամուլը որպես փառատոնի բացահայտում էր նշել ֆիլմում նրա աշխատանքը։

Կիևի ներկայացուցիչները փորձել էին հանել ռուսական ֆիլմը հիմնական մրցութային ծրագրից, սակայն կազմակերպիչները Սերեբրեննիկովի ֆիլմին շնորհեցին մրցույթը բացելու պատիվը։ Միևնույն ժամանակ, նրանք հայտարարել էին, որ ուկրաինական իրադարձությունների հետ կապված չեն ընդունի ռուսական պաշտոնական պատվիրակությունները։

«Ոսկե տեսախցիկ» մրցանակը (լավագույն դեբյուտ) ստացավ «Մարտական պոնին» (War Pony) կինոժապավենը։ Սա Բազ Լուրմանի «Էլվիս» (Elvis) կենսագրական ֆիլմի հերոս Էլվիս Փրեսլիի թոռնուհու՝ Ռայլի Քիոյի ռեժիսորական դեբյուտն է։

Թագավոր և հրաձիգ
Կաննում արտամրցութային կարգով ցուցադրվեց ռոքնռոլի արքայի մասին կենսագրական ֆիլմ։ Նրա դերը կատարել է 30-ամյա ամերիկացի դերասան և երգիչ Օսթին Բաթլերը, ով երկու տարի է ծախսել կերպարի մեջ մտնելու համար։ Քմաբարո իմպրեսարիո Թոմ Փարքերին մարմնավորել է կրկնակի օսկարակիր Թոմ Հենքսը։

Լազուրե ափում տեղի ունեցավ նաև Ջոզեֆ Կոսինսկու «Լավագաույն հրաձիգ. Մավերիք» (Top Gun: Maverick) մարտաֆիլմի պրեմիերան։ Այն 1986-ին ռեժիսոր Թոնի Սքոթի նույնանուն ֆիլմի շարունակությունն է։ 1980-ականների հայտնի ֆիլմի շնորհիվ Թոմ Քրուզը դարձավ կինոաստղ։ 36 տարի անց Քրուզը վերադարձավ Փիթ Միտչելի դերին՝ Մավերիկ մականունով։

Այս երկու բլոկբաստերների պրեմիերաները, ըստ փառատոնի կազմակերպիչների, պետք է հեռուստադիտողներին գրավեն կինոթատրոններ համաճարակի պատճառով երկամյա ընդմիջումից հետո։ Այս տարվա հունվարն ու փետրվարն իրական աղետ էին կինոթատրոնների համար, հաճախելիությունը կրճատվել էր գրեթե կիսով չափ՝ համեմատած նախաքովիդյան ժամանակաշրջանի հետ։ Այժմ ֆրանսիացի ռեժիսորների միությունը խնդրում է երկրի իշխանություններին տեղեկատվական արշավ սկսել՝ խրախուսելու հեռուստադիտողներին վերադառնալ կինոթատրոններ։

Հիշելով «Թռչում են կռունկները»
Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր անցկացնել 1939 թվականի սեպտեմբերին, սակայն այն խափանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Արդյունքում, առաջին փառատոնը տեղի ունեցավ 1946 թվականին, այնուհետև՝ ամեն տարի, բացառությամբ 1948-ի և 1950-ի։

Ռուսական կինեմատոգրաֆիայի ամենամեծ հաջողությունը Կաննում եղավ 1958 թվականին Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները» ֆիլմը՝ Տատյանա Սամոյլովայի և Ալեքսեյ Բատալովի մասնակցությամբ։ Նկարն արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղին», Ֆրանսիայում ֆիլմը դիտել է 5,5 միլիոն մարդ, ինչը նրան թույլ տվեց մտնել ֆրանսիական կինովարձույթի լավագույն եռյակ։

Ի պատիվ փառատոնի 75-ամյակի՝ կազմակերպիչները շվեյցարացի ոսկերիչներին պատվիրել էին նորացված «Ոսկե արմավենու ճյուղի» նոր և միակ օրինակը։ Chopard ոսկերչական տունը մրցանակը ստեղծել է վարդագույն քվարցից՝ զարդարելով ճյուղը ադամանդներով: 2022 թվականի դափնեկրի անունը փորագրվել է փակ դռների հետևում ժյուրիի վճիռը կայացվելուց հետո։