Բավ է պառակտվել
09-06-2016 16:47

Երևանում մեկնարկում է «Հացը լեռներում» փառատոնը

Ավելի քան 80 հայկական ազգային ուտեստ կպատրաստվի Երևանում կայանալիք ութերորդ ամենամյա ավանդական «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Փառատոնի շրջանակում կներկայացվեն 13 եկեղեցական և ազգային տոներ և կպատրաստվի ավելի քան 80 տոնածիսական ուտեստներ, որոնք ավանդաբար մատուցվում են հայկական սեղանին: Դրանք ուղղակի ճաշատեսակներ չեն, այլ ուտեստներ, որոնք իրենց մեջ որոշակի իմաստ են կրում: Տոնածիսական ուտեստները հայ ազգային խոհանոցի ակունքներն ու ավադույթներն են», - ասաց Մամուլյանը:

Նրա խոսքով, օրինակ, ղափաման (դդումը լցոնած բրնձով, ընկույզով, չամիչով) խորհրդանշում է մայրությունն ու պտղաբերությունը, իսկ խաշիկան (ցորենի շիլա հավով կամ ոչխարով) պատրաստում են Ամանորին, որպեսզի խաղաղություն լինի:

«Մենք ցանկանում ենք ոչ միայն զարգացնել հայկական խոհանոցը, այլ նաև մեր ազգային ուտեստների շնորհիվ Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնել», - ասաց Մամուլյանը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր հերթին հրավիրեց բոլոր ցանկացողներին մասնակցել փառատոնին: «Փառատոնի նպատակն է ներկայացնել հարուստ հայկական ազգային խոհանոցը և նրա ավանդույթները, որոնք մենք մինչ օրս պահպանել ենք», - ասաց Բարաղամյանը:

«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում տեղի կունենա հունիսի 11–ին ժամը 17:00-21:00 Երևանի Թումոյի այգու սկզբնամասում: Փառատոնը կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո։ Փառատոնին կմասնակցեն տասնյակ ռեստորաններ և կազմակերպություններ, ինչպես նաև կրթօջախների համար կանցկացվեն վարպետության դասեր: «Հացը լեռներում» փառատոնն անցկացվում է 2009 թ.-ից: